Համաձա՞յն եք, որ դուք վճարեք հաստիքների համար, որի անհրաժեշտությունը չկա: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Գազպրոմ Արմենիայում» կրճատումներ են տեղի ունենում եւ հավանական է, որ դա արվում է այն պատճառով, որ գազի սակագնի բարձրացում տեղի չունենա:

«Իսկ հնարավո՞ր է, որ «Գազպրոմում» այլ հիմնարկներում ընտրությունների ժամանակ, քաղաքական նպատակներով հազարավոր ավելորդ հաստիքներով մարդիկ ընդունած լինեն, որպեսզի համապատասխան չափով ձայն ու լծակներ ստանան եւ դրա համար վճարած լինեն քաղաքացիներին:

Եկեք մի հարց առաջադրենք եւ փորձենք դրա պատասխանը գտնել. Մենք համարո՞ւմ ենք, որ ՀՀ-ում կարող են լինել ընկերություններ, որոնց գործունեության համար վճարում է քաղաքացին եւ այդ ընկերությունները լիեն ոչ էֆեկտիվ: Համաձա՞յն եք, որ դուք վճարեք հաստիքների համար, որի անհրաժեշտությունը չկա»,-ասաց Փաշինյանը:

Նշենք, որ այս տարվա սկզբից ռուսական գազը սահմանին թանկացել է 150 դոլարից դառնալով 165 դոլար հազար խմ-ի համար:

Դրանից հետո ՀՀ վարչապետը եւ կառավարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ սակագինը չի բարձրանա, իսկ այդ տարբերությունը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի օպտիմալացման հաշվին:

Ավելի ուշ «Գազպրոմ Արմենիան» հայտարարեց, որ կրճատումներ է իրականացնում իր ընկերությունում: