Երբ կառավարության նիստում առաջարկ եղավ արագաչափերի գործունեությունն առժամանակ դադարեցնել, ամբողջ սոցիալական ցանցերում ահազանգում էին, որ զոհերի թիվը կավելանա: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ ինքը ժամանակին խոստացել էր հանել արագաչափերը, սակայն հետո այդ խոստումն օդում մնաց:

«Կարմիր գծերի վերաբերյալ ես բան չեմ ասել, իսկ արագաչափերի վերաբերյալ ես ԱԺ-ում էլ ասացի. Մեզ մի կողմից ասում են՝ դուք ոչ մեկին չեք լսում, ոչ մի փաստարկ չեք լսում: իսկ այն դեպքերում, երբ մենք ինչ-որ փաստարկներ լսում ենք, մեզ ասում են՝ խոստումները չեք կատարում: Վերջերս վիճակագրություն հրապարակեց, որ այս տարվա 3 ամիսներին 50 հազարով տուգանքները պակաս են եղել: Միաժամանակ զոհերն էլ են պակաս եղել, այն դեպքում, որ ավտոմեքենաների ներմուծումները կրկնապատկվում ու եռապատկվում են: Մենք հիմա բոնուսային համակարգն ենք մտցնում»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ երբ կառավարության նիստում առաջարկ եղավ արագաչափերի գործունեությունն առժամանակ դադարեցնել, ամբողջ սոցիալական ցանցերում ահազանգում էին, որ զոհերի թիվը կավելանա:

«Մենք էլ ասացինք՝ եթե այսպիսի լայն հանրային անհանգստություն կա, եկեք փուլային ճանապարհով գնանք, որ չասեն՝ ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հանեցինք»,-իր խոսքն ամփոփեց Փաշինյանը: