Սոնգրկանը (Նոր տարի) տոնելու չորս օրերի ընթացքում ողջ Թաիլանդով տարբեր ճանապարհատրանսպորտային պատահարներում մահացել է առնվազն 237, վիրավորվել 2322 մարդ:

Bangkok Post թերթը հաղորդել է, որ 96 ժամվա ընթացքում 2232 վթար է տեղի ունեցել:

Վթարների բռնկումը կապված է թայլանդացիների ակտիվ տեղաշարժի հետ տոնի ընթացքում, որն ընդունված է նշել հարազատների եւ մտերիմների շրջապատում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վթարների քանակը նվազել է 8.6 տոկոսով, զոհերի թիվը կրճատվել է 12.5 տոկոսով, իսկ տուժածների թիվը` 8.1 տոկոսով: Դրա հետ մեկտեղ վերջին չորս օրվա ընթացքում ամենից շատ վթարները գրանցվել են հարավային Նակհոնսիտտհամարատ նահանգում` 81 դեպք: Զոհերի ամենամեծ թիվը արձանագրվել է Նակհոնրատչասիմա եւ Ուդոնտխանի նահանգներում՝ 11 մարդ:

Ինչպես եւ նախորդ տարիներին վթարների ամենատարածված պատճառներն են հարբած վիճակում մեքենա վարելը, արագության զգալի գերազանցումը:

Ոչ սթափ վարորդներից առգրավված տրանսպորտային միջոցների քանակը վերջին 4 օրերին հասել է 3695 միավորի, առգրավվել է նաեւ 15 616 վարորդական վկայական: