Անցած տարի մայիսին այն ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, ինչո՞ւ այդ խոստումը չի կատարվում։ Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի քննարկման ժամանակ հարց բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մեկ տարի է սպասում ենք այս նախագծին, որ տեսնենք Կառավարության տեսլականը ու հիմա ուզում եմ իմանալ, ո՞րն է պատճառը, որ վարչապետի խոստումը չեք կատարում՝ որպես իշխող ուժի վարչության անդամ, արդյոք մի՞տք է փոխվել խոստումից հետո, եթե այո, որո՞նք են  այն նախադրյալները, որոնց արդյունքում կամ ճնշման ներքո խոստումը չի կատարվում: Կարո՞ղ ենք մյուս խոստումներն  էլ կասկածի տակ դնել, խոստումը խոստում է»,–հարցրեց նա։

Հիմնական զեկուցող, ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանն ի պատասխան նշեց. «Կառավարությունը  եկել է այն համոզման, որ այս փուլում կառավարության ծրագրի իրականացման համար իրենց այս կառուցվածքն է պետք, իսկ թե  հաջորդ փուլում կլինի՞ նախաձեռնություն ուժային կառույցներին տալ նախարարության կարգավիճակ, չի կարող ասել»։

Մարուքյանն արձագանքեց. «Ես չեմ վիճարկում Կառավարության մենաշնորհը կառուցվածքի ներկայացման հարցում։ Այն մարդը, որը խոստում է տվել, Կառավարության ղեկավարն է, հիմա ինչո՞ւ չի կատարել։ Ինչ–որ բա՞ն է փոխվել»։

Հովակիմյանն առաջարկեց հարցն ուղղել Նիկոլ Փաշինյանին. «Համոզված եմ, որ երբ հարցը տաք վարչապետին, պարզ պատասխան կտրվի։ Այս հարցը հնարավորություն ունեք տալու վարչապետին»։