2019 թվականի ապրիլի 15-16-ը երկօրյա այցով Հայաստանում է Իտալիայի Հանրապետության դատավորներից եւ Արդարադատության նախարարության պաշտոնյաններից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված իրավունքի գերակայության համագործակցության շրջանակներում՝ Բարձրագույն դատական խորհրդի եւ ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների հաստատման եւ զարգացման նպատակով: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Պատվիրակությանը, Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ, այսօր ընդունեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ․ Հարությունյանը։

Խորհրդի նախագահը, ողջունելով հյուրերին,  հատուկ կարեւորեց դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի դերը՝ երկու երկրների դատական իշխանությունների միջեւ սերտ կապերի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ իտալական իրավական դպրոցի հետ ակտիվ շփումները միշտ են եղել, եւ այսօր ուրախ է, որ կարող են հարաբերություններ հաստատել երկու երկրների Բարձրագույն դատական խորհուրդների մակարդակով եւս, ինչը կարեւոր է Խորհրդի գործունեության միջազգային համագործակցության տեսանկյունից։

Գ․ Հարությունյանն ընդհանուր գծերով ներկայացրեց նաեւ Խորհրդի գործունեության հիմնական առաքելությունն ու լիազորությունների շրջանակը, համակարգային բարեփոխումների իրականացման համար Խորհրդի կողմից մշակված մոտեցումները։ Խոսեց թվային արդարադատության ներդրման, արխիվների թվայնացման, դատարանների ծախսատարության կրճատման հետ կապված խնդիրների, դրանց լուծման ռազմավարական առաջնահերթություններին մասին։

Դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոն իր հերթին շնորհակալություն հայտնեց Խորհրդին՝ ժամանակ գտնելու, պատվիրակությանն ընդունելու, ինչպես նաեւ դատավորների հետ հանդիպելու հնարավորություն ստեղծելու համար։ Դեսպանի խոսքով՝ այսօր այստեղ է Իտալիայի եւ Հայաստանի միջեւ փորձի փոխանակման նպատակով, եւ այս հանդիպումը կարեւոր խթան կլինի երկու երկրների դատաիրավական համակարգը լավագույնս զարգացնելու նպատակով։

Պատվիրակության անդամներից Դոնաթելլա Դոնատին նկատեց, որ Խորհրդի գործունեության ներկայացված փորձը հետաքրքիր է եւ մեծ արժեք ունի։ Այն արդյունավետ կարող է լինել հետագա համագործակցության համար։