ԵՄ երկրները վերջնականապես հավանություն են տվել հեղինակային իրավունքի մասին օրենսդրության բարեփոխմանը, որը խորը տարաձայնություններ էր առաջացրել։

Դիրքորոշումների երկարատեւ համաձայնեցումից հետո Եվրամիության պետությունների մեծամասնությունը, այդ թվում՝ Գերմանիան, երկուշաբթի քվեարկել են վիճահարույց բարեփոխման օգտին։ Մարտին Եվրախորհրդարանի պատգամավորներն արդեն սատարել էին վերջին 20 տարիների ընթացքում հեղինակային իրավունքի օրենսդրության առաջին բարեփոխումը՝ հայտնում է DW-ը։

Բարեփոխման նպատակն այն է, որ օրենսդրությունը համապատասխանի ժամանակակից թվային մոդելներին եւ, որ հրատարակչությունները, ԶԼՄ-ները ու արվեստի ոլորտի աշխատողները իրենց արտադրանքի օգտագործման համար համարժեք փոխհատուցում ստանան։ Վեճերի պատճառ էին դարձել հիմնականում երկու կետեր՝ 11-րդ եւ 17-րդ հոդվածները։

11-րդը նախատեսում է ներմուծել օրենսդրական նորմեր, որոնք Google-ին եւ այլ որոնողական համակարգերին կպարտավորեցնեն վճարել համացանցում հոդվածներից եւ այլ նյութերից օգտվելու համար։ Միաժամանակ, 17-րդ հոդվածը պարտավորեցնում է այնպիսի առցանց-հարթակներին, ինչպիսին YouTube-ը, Instagram-ը եւ GitHub-ն են, վճարել արվեստի գործիչներին եւ հեղինակային իրավունքի այլ սեփականատերերին՝ նրանց երգերն ու տեսանյութերը տարածելու համար։

Խախտումները բացառելու համար այդպիսի հարթակներին առաջարկվում է տեղադրել ֆիլտրեր՝ հատուկ ծրագրեր, որոնք կստուգեն, թե ինչպես է կոնտենտը պահպանում հեղինակային իրավունքի նոր նորմերը։