Մենք անվերջ խաղաղություն չենք քարոզում, մենք խաղաղություն քարոզում ենք շատ վերջավոր շրջանակում: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, որ Հայաստանը խաղաղություն է քարոզում, իսկ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը, ՀՀ վարչապետն արձագանքեց. «Մենք միշտ նույնն ենք ասում, որ կողմերը պետք է լինեն նույն հաճախականության մեջ: եթե պետք է լինում, մենք նույնիսկ մեր հաճախականությունը փոխում ենք, որ մեր գործընկերներին բերենք նույն հաճախականության: Դավոսում, Վիեննայում, Սանկտ Պետերբուգում, Դուշանբեում մեր խոսակցության ոգին այն է, որ պետք է աշխատենք այդ խնդրի խաղաղ կարգավորման վրա: Ես հույս ունեմ, որ մենք անկեղծ ենք մեր մղումներում, որովհետեւ եթե բանակցությունների սեղանի շուրջ մեկը մյուսին փորձեց խաբել, չի ստացվի:

Մենք անվերջ ոչ մի բան չենք քարոզում: Ընդհանրապես, մենք ոչինչ չենք քարոզում, խաղաղություն չենք քարոզում, առաջարկություններ ենք անում հարցի կարգավորման որոշակի պլատֆորմ ստեղծելու: Կա պատերազմի ճանապարհը եւ խաղաղության ճանապարհը: Մենք ասել ենք, որ մեզ պատերազմով չեք վախեցնի, մենք էլ ոչ մեկին չենք վախեցնում, եկեք որոշենք՝ խաղաղության պլատֆորմի վրա՞ ենք ուզում լուծել հարցը, թե ոչ: Ցանկացած բանական մարդ պետք է աշխատի հակամարտությունը փորձի լուծել խաղաղության պլատֆորմի վրա: Հակառակ դեպքում՝ բանակցային գործընթացն ինչի՞ մասին է»: