ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ ապրիլի 15-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Տիգրան Ավինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել տնտեսական համակարգի բարեփոխմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերի վրա:

Փոխվարչապետը շեշտել է, որ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները նոր հնարավորություններ են ստեղծում օտարերկրյա ներդրողների համար:

Դեսպան Յամադան բարձր է գնահատել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացը եւ շեշտել, որ այս ուղղությամբ Հայաստանի փորձը կարող է օրինակ ծառայել նաեւ շատ այլ պետությունների համար: Նա նշել է, որ իր կողմից Ճապոնիայի շահագրգիռ գերատեսչությունների եւ գործարար միջավայրի ներկայացուցիչներին պարբերաբար ներկայացվում են Հայաստանում իրականացվող, ներդրումների համար գրավիչ նոր նախաձեռնությունները:

Անդրադարձ է եղել նաեւ «Աշխատիր Հայաստան» ծրագրին: Կարեւորելով այս ծրագրի հաջող իրականացումը ՀՀ-ում զբաղվածության խթանման առումով՝ փոխվարչապետ Ավինյանը նշել է, որ այն բաց է հետաքրքրված միջազգային գործընկերների մասնակցության համար: