Այստեղ բողոքող մարդկանցից շատերն այստեղի աշխատողներ չեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, «Արարատցեմենտ» գործարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մուլտի կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը:

Նրա խոսքով՝ ինքն առցանց հետեւել է ակցիային, եւ նկատել մարդկանց, որոնք գործարանի հետ կապ չունեն.« Ես տարբեր բաներ լսեցի մամուլում, հիմնականում այդ մտքեր արտահայտողները մեր աշխատակիցները չէին, գիտեք՝ ես բոլորիդ էլ դեմքով ճանաչում եմ»։

Աշխատակիցներից մեկը հերթով սկսեց թվարկել այն մարդկանց անունները, որոնք խոսել են տեսախցիկի առաջ, ինչին Առուստամյանը պատասխանեց, որ նրանց բոլորին էլ ճանաչում է, եւ խոսքը նրանց մասին չէ։ Այնուհետեւ մասնակիցները ասացին, որ բացի գործարանի աշխատակիցներից իրենց է միացել Վահե անունով ակտիվիստ, որը եւս շատ մտահոգ է։ Տղամարդուն տեսնելով՝ Առուստամյանը հաստատեց, որ խոսքը նրա մասին է։

«Հա, հենց քո մասին է խոսքը»,– ասաց Առուստամյանը։

Աշխատակիցներին միացած անձի խոսքով՝ ինքը մտահոգված է այսքան մարդկանց ճակատագրով՝ ասելով, որ նրանց թվում են իր ընկերներն ու ազգականները։

«Իմ հարեւանները, եղբայրները, ընկերները, քույրերը, բոլորն այստեղ են աշխատում։ Այս գործարանը հիմնվել է, որ այս քաղաքն ապրի։ Եթե որպես բիզնեսմեն դուք այստեղ մինուսով եք աշխատւմ, վաճառեք, թող ուրշները գան աշխատեն»,–ասաց ակտիվիստը։

Նրա խոսքով, իրենք չեն պատրաստվում կառավարության դիմաց ցույց անել, ինչին Առուստամյանը պատասխանեց, որ իրենք եւս նման նպատակ չունեն։

«Մենք նման նպատակ չունենք, որ որեւէ մեկը գնա կառավարության դիմաց։ Ո՞վ է ձեզ այդ միտքը տվել կառավարության դիմաց գնալու, ով տվել է, նա էլ ուղղորդել է»,–ասաց Առուստամյանը։

Համաձայնության չգալով՝ ակցիայի մասնակիցները պահանջեցին անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպել։

«Ես դիմել եմ պարոն Ծառուկյանին, այսօր քաղաքում չէ, չի կարող գալ։ Սպասեք՝ վաղը կամ մյուս օրը կգա»,–ասաց Առուստամյանը։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք կսպասեն այնքան, մինչեւ Ծառուկյանը գա եւ անձամբ կպարզաբանի ստեղծված վիճակը։

Հիշեցնենք, որ այսօր՝ առավոտյան ժամը 08։00–ից, Արարատի մարզում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները փակել էին գործարանի մուտքը, քանի որ նրանց հայտնել են, որ երկու ամսից՝ հունիսի 15-ից, գործարանը փակվում է ու շուրջ հազար աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ Իրանից ներկրվող հումքի էժան լինելու պատճառով իրենց արտադրանքը մրցակցային չէ։