ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր՝ ապրիլի 15-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում միջնորդեցին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Գրիգորյանին: Նշենք, որ այս գործով նախագահող դատավորը Մարինե Մելքոնյանն է: Արդեն 10 ամիս է՝ առաջին ատյանի դատարանում հենց նա է քննում Գրիգորյանի խափանման միջոցի գործով միջնորդությունները և պաշտպանական կողմի համար բացասական ելքով որոշումներ կայացնում:

Այսօրվա դատական նիստին նախագահողը ժամանակ տրամադրեց գործով քննիչին իր  առարկությունները ներկայացնելու համար: Այդ հիմքով էլ այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 19-ին:

Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մարինե Մելքոնյանը Մանվել Գրիգորյանի գործով կանխակալ մոտեցում է ցուցաբերում:

«Մանվել Գրիգորյանը կալանավորվելու պահին այս վիճակում չի եղել, սակայն կոնկրետ այս դատավորի տված շարունակական կալանքների արդյունքում նրա վիճակը վատթարացել է»,-ասաց նա:

Պաշտպանի խոսքով՝ բոլոր անդառնալի հետևանքները, որոնք պատճառվել են Մանվել Գրիգորյանի առողջությանը՝ արդյունքն են նաև դատավոր Մարինե Մելքոնյանի ցուցաբերած սուբյեկտիվ մոտեցման:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանվել Գրիգորյանը մարտի 25-ին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, իսկ Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: