Հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ումից է ստանում իր համար կարեւոր տեղեկությունները, որպեսզի դրանք կարողանա իր համար սրբագրել կամ համեմատել այլ աղբյուրներից ստացած տեղեկությունների հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտության մասին։

«Շատ լավ հիշում ենք, որ երբ Հայաստանում նոր իշխանություններ էին գալիս, անմիջապես վերաբաշխում էր տեղի ունենում լրատվական դաշտում, եւ այն լրատվամիջոցները, որոնք մի քաղաքական ուժի ձեռքում էին, անցնում էին մյուսի հսկողության տակ: Այդ նույն գործընթացը մենք այսօր չենք տեսնելու, եթե անգամ վերցնենք Հանրային հեռուստաընկերությունը, որը կարող էր դառնալ իշխանական, բայց այդպես չեղավ, ու մենք հանգիստ կարող ենք տեսնել ընդդիմության լայն ներկայացվածություն Հանրային հեռուստաընկերությունում եւ Հանրային ռադիոյում: Հուսով եմ, որ առաջիկայում նոր երեւույթը կամրապնդվի»,–նշեց նա։

Բորիս Նավասարդյանը շեշտեց՝ եթե ընդդիմադիր խումբը կամ գործիչն ասում է, որ այս լրատվամիջոցն իրենն է, դա դեռ չի նշանակում, որ իր դեմ կկիրառվեն պատժիչ միջոցներ, հակառակը, դրանով ավելի շատ պաշտպանված կլինի, որովհետեւ ցանկացած ոտնձգություն տվյալ լրատվամիջոցի նկատմամբ անմիջապես ստանալու է քաղաքական աստառ. «Մենք չենք կողմնորոշվելու տարբեր բամբասանքներով, թե սա նրանն է, ուրեմն այսպես է, եւ այլն: Ամեն ինչ թափանցիկ ու հստակ պետք է լինի, եւ այնտեղ, որտեղ կարող ենք տեսնել ճնշումներ, կստանան համապատասխան հակահարված քաղաքացիական հասարակության ու լրագրողների կողմից»։

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը շեշտեց՝ լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկությունն առհասարակ ժողովրդավարական հասարակարգի համար անհրաժեշտ պայման է։ «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկությունն առհասարակ ժողովրդավարական հասարակարգի համար անհրաժեշտ պայման է, բայց այն, որ ակտուալ է դարձել, այդ գործընթացը ցավալի պետք չէ համարել, դա շատ բնական երեւույթ է, որովհետեւ, եթե ուզում ենք, որ լրատվամիջոցներն արդար խաղի կանոններով աշխատեն լսարանի հետ, ապա թափանցիկությունը կարեւոր պայմաններից մեկն է: Լավ կլինի, որ լրատվամիջոցն իրական սեփականատիրոջը բացահայտի, վերջինն էլ բաց խաղա հասարակության հետ»,-նշեց նա։