Նոր Նորքի բնակիչ, 36-ամյա Էդգար Ծատինյանին ոստիկանական բաժնում ծեծի ենթարկելու և հիվանդանոցում նրան ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ մամուլի հրապարակումները Դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ ստուգելու:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ մի քանի օր է՝ համացանցում բուռն արձագանք է ստացել Նոր Նորք բնակիչ Էդգար Ծատինյանի մահվան վերաբերյալ լուրը:

Ծատրյանի մայրը՝ Լարիսա Եթարյանը, NEWS.am-ի հետ զրույցում որդու մահվան մեջ մեղադրել էր ոստիկաններին և «Արմենիա» ԲԿ–ի բժիշկներին։ Կնոջ խոսքով՝ որդուն նախ դաժան ծեծի են ենթարկել Նոր Նորքի ոստիկանական բաժնում, գրպանը թմրանյութ գցել, որն Էդգարը վախից կուլ է տվել: Իսկ հիվանդանոցում, ըստ տուժածի մոր, ժամանակին  բուժօգնություն չեն ցուցաբերել, սոդայաջուր են տվել, որը խմելուց հետո որդին փսխել է, ապա՝ րոպեներ անց մահացել:

Հիշեցնենք, որ երիտասարդը մահացել է ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ–ում:

Ըստ ոստիկանության՝  նախնական բժշկական եզրակացության համաձայն՝ Էդգար Ծատրյանի մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոման:

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ նախնական տվյալների համաձայն՝ մի քրեական գործի շրջանակում, սպանության կասկածանքով, Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցից ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված Էդգար Ծատինյանը, որի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար: Մարդու իրավունքների պաշտպանն էլ իր հերթին սեփական նախաձեռնությամբ քննարկման վարույթ է սկսել Էդգար Ծատինյանի մահվան մասին հրապարակային տվյալների կապակցությամբ:

Քացով խփել են ոտքին, կրիստալը գցել գրպանը. մայրը որդու մահվան համար մեղադրում է ոստիկաններին ու բժիշկներին