Այսօր Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները։  Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։

Նիկոլ Փաշինյանն այս հանդիպումից ակնկալում է, որ կկատարվեն իր եւ Ալիեւի հանձնարականները՝ քննարկելու Վիեննայում հաստատված օրակարգը։

Հայ-ռուսական հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական պետական հեռուստաալիքները մեղադրում են ինչ-որ բաների համար։ Նիկոլ Փաշինյանը այսպես արձագանքեց ռուսական եթերից իր հասցեին հնչող քննադատություններին։ Ռուսական ալիքները կշարունակեն հեռարձակվել Հայաստանում, սակայն Փաշինյանը հույս ունի, որ նրանք որոշ հետեւոթյուններ կանեն։

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը այսօր դրական եզրակացություն տվեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծին։ Էդմոն Մարուքյանը նիստից դժգոհ դուրս եկավ, լրագրողներին պատմեց, որ իրենց բոլոր առաջարկները առանց հիմնավոր բացատրության մերժվել են, եւ Փաշինյանը, որ քննադատում էր սուպերվարչապետությունը, այն ժառանգում է անփոփոխ։

Վաղ առավոտից մի խումբ երիտասարդներ ֆլեշմոբ էին անում եւ փողոցները ներկում «սուտ Նիկոլ» գրություններով։ Ընդ որում՝ այդ անում էին ուղիղ եթերում։ Փողոցները ներկելու համար ոստիկանները 9 հոգու բերման ենթարկեցին, արձանագրություն կազմելուց հետո խումբն ազատ արձակվեց։ Նրանք ասուլիս հրավիրեցին, ասացին մրցույթ են հայտարարում՝ «Փաշինյանի ամենամեծ սուտը» թեմայով․ ով հաղթի, 1000 դոլար մրցանակ կտան։ Կինոն չի ավարտվել՝ խոստումների համար ժամանակ է պետք, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը։ Այնուամենայնիվ, ըստ նրա, ակցիան ունի պատվիրատու, եւ նրա անունը Սաշիկ Սարգսյան է։

«Արարատցեմենտի» աշխատողները գործադուլ են անում. նրանց օրեր առաջ հայտնել են, որ մոտ 1000 աշխատակից գործազուրկ է դառնալու: Գործարանի տնօրինությունը որոշել է ցեմենտի հումքը ոչ թե արտադրել, այլ ներմուծել, իսկ այդ դեպքում հարյուրավոր մարդկանց կարիք չի լինի։ Գործարանը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, աշխատակիցները պահանջում էին նրա հետ հանդիպում։ Ի դեպ, այժմ քննարկվում է մի նախագիծ, ըստ որի՝ ներմուծվող ցեմենտի վրա տուրք կկիրառվի, որպեսզի զարգանա տեղական արտադրությունը։ Եվ չնայած այս հեռանկարին՝ գործարանը միեւնույն է՝ պատրաստվում է խոշոր կրճատումների։

Պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը բաց նամակ է հղել վարչապետ Փաշինյանին՝ հորդորելով հակառակ հրահանգը իջեցնել եւ դրոշը անկյուն նետած մաքսային տեսուչին հնարավորություն տալ՝ ուղղելու իր սխալը, եթե այդպիսին կա։ Փաշինյանը կանխատեսեց եւս մեկ նամակ՝ արդեն Սերժ Սարգսյանի օգտին։

ԴԱՀԿ նախկին ղեկավար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պոսոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել օֆշորային մեքեանայությունների գործով։ Նա մեղադրվում է մի քանի հոդվածներով։ Բացի օֆշորային արկածներից՝ Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ-ի համար «Քեթրին գրուպից», որը փաստացի պատկանում է իրեն, 211 միլիոն դրամի մեքենա է գնել, ավելի թանկ, քան դրանք արժեցել են։ Պողոսյանի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել  դատարան: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Միհրան Պողոսյանի գրասենյակը պատասխան հայտարարության մեջ օֆշորի գործը համարել է լեգենդ, եւ նպատակը ոչ թե արդար քնությունն է, այլ ամեն գնով մեղադրանք առաջադրելը։

Դոլարի փոխարժեքը նվազել է՝, այսօր կազմելով 484.75 դրամ, եվրոն 548 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 635, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 55 դրամ: