Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մտադիր է «Ռոբին Հուդի» ինստիտուտ ստեղծել, որպեսզի կոռումպացված քաղաքական գործիչներից եւ գանգստերներից բռնագանձված անօրինական հարստությունը մարդկանց վերադարձնի։

Reuters-ը հայտնում է, որ նախագահի աշխատակազմը մշակում է «կոռուպցիոներների դեմ» Ռոբին Հուդի անկախ ինստիտուտ ստեղծելու օրենսդրական նախագիծ, որը բռնագրավված անշարժ գույքը, թանկարժեք զարդերը, ավտոմեքենաները կտա հասարակությանը։ «Եկեք վերադարձնենք այն ամենը, ինչը գողացվել է»,- մամուլի ասուլիսում ասել է Օբրադորը։

Նրա խոսքերով, նշված ինստիտուտը բռնագրավված տները կարող է տրամադրել քաղաքապետարաններին՝ դպրոցների, հիվանդանոցների կամ ծերերի խնամքի կենտրոնների համար։

Ընդ որում, նա չի նշել, թե ինչպես դրանք պետք է վերադարձվեն մարդկանց։

Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Լոպես Օբրադորը նախաձեռնել է մի շարք սոցիալական ծրագրեր՝ աղքատների եւ տարեցների համար, նվազեցրել է պետական ծառայողների աշխատավարձերը եւ վստահեցնում է, որ կոռուպցիան վերացնելով կտնտեսի պետական փողերը։