Կանադայի իշխանությունները 43 մարդու ներառել են Վենեսուելային վերաբերող պատժամիջոցների ցուցակում՝ հայտնում է РБК-ն։

«Ի պատասխան Վենեսուելայի վրա բռնատիրական իշխանությունը հաստատելու Մադուրոյի ռեժիմի փորձերին՝ Կանադան հայտարարում է ռեժիմի գլխավոր անձանց հանդեպ պատժամիջոցների չորրորդ փուլի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պատժամիջոցների տակ են հայտնվել բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգապետներ եւ այլ մարդիկ, որոնց գործողությունները «տապալում են ժողովրդավարական ինստիտուտները»։

Մինչ այդ պատժամիջոցների էր ենթարկվել 70 մարդ։

Փետրվարի վերջին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Վենեսուելայի չորս նահանագապետների, մարտի սկզբին երկրի Ազղգային գվարդիայի եւ ոստիկանության վեց ղեկավարների հանդեպ։ Պետդեպը հետ էր կանչել Մադուրոյի հետ կապված 49 վենեսուելացիներին տրամադրված վիզաները։