Պատրաստվում եմ հանդես գալ արեւմտահայերենի մասին օրենսդրական նախաձեռնությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյան)։

«Արեւմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է որպես վտանգված լեզու, ես կարծում եմ, որ Հայաստանն է արեւմտահայերենի պահպանման եւ տարածման երաշխավորը, ոչ թե սփյուռքը։ Մենք ունենք պետություն, որը պարտավոր է իր մշակութային գանձերը պաշտպանել, իսկ ամենամեծ եւ ամենաթանկագին գանձը լեզուն է։ Հիմա մենք օգտագործում ենք արեւելահայերենը, պահպանում ենք այն, բայց արեւմտահայերենը, որի կիրարկողները Հայաստանում չեն, դրսում են ապրում, իհարկե Իրաքի եւ Սիրիայի պատերազմներից հետո շատերը եկան Հայաստան, սակայն հիմա նրանք ավելի շատ արեւելահայերեն են խոսում, քան արեւմտահայերեն»,-նշեց նա։

Պատգամավորը շեշտեց՝ պետության կողմից լեզվի պաշտպանության մեխանիզմը կարող է լինել օրենսդրական հստակ կարգավորումները․ «Մեխանիզմներից մեկը ուսուցման մեխանիզմը կիրառելն է, արեւմտահայերենը որպես կրթական առարկա պետք է դասավանդվի հայաստանյան դպրոցներում, յուրաքանչյուր հայ պետք է արեւմտահայերենի կրողը լինի, որեւէ հայի չպետք է այս լեզուն անծանոթ լինի։ Հիմա տեսեք՝ Սիրիայից եկան շատ հայեր, սիրիահայ երեխաները խնդիր ունեին՝ գնում էին դպրոց, եւ տեղացիները նրանց չէին հասկանում, նրանք էլ տեղի հայերին չէին հասկանում։ Մենք նույն ազգն ենք, եւ իրար չհասկանալն անթույլատրելի է»։

Նա նաեւ հավելեց՝ արեւմտահայերենով հրաշալի գրականություն կա, որը չպետք է կորցնենք․ «Չմոռանանք, որ արեւմտահայերենով հրաշալի գրականություն կա, որը եթե լեզուն կորցնում ենք, կորցնում ենք նաեւ այդ գրականությունը վայելելու հնարավորությունից»։

Եզրափակելով խոսքը՝ պատգամավորը նշեց, որ դեռ պարզ չէ՝ առանձին օրինագիծ կներկայացնի, թե օրենքը փոփոխելու առաջարկ։