Կիեւում անցկացվել է «Ուկրաինա-Հայաստան՝ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» միջազգային գիտագործնական համաժողով՝ նվիրված հայկական ծագումով ուկրաինական ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 95 ամյակին։

Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, միջոցառումը նախաձեռնել են Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային համալսարանը, Ուկրաինայի հայերի միությունը, ԿԱՀ երկիրագիտության եւ զբոսաշրջության ամբիոնը, Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եւ Սփյուռքի հետազոտությունների ինստիտուտը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել Տարաս Շեւչենկոյի անվան ազգային համալսարանի ռեկտորի միջազգային կապերի գծով տեղակալ Պյոտր Բեխը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, պատմամշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը, ԿԱՀ ռեկտորատի ներկայացուցիչներ, գիտական գործիչներ եւ այլ պատվավոր հյուրեր։

Մասնակիցները քննարկել են կարեւոր պատմամշակութային հարցեր, այնպիսին, ինչպիսիք են հայկական մշակութային ժառանգության արդիականացումը, հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդումը։ Առաջ է քաշվել Ուկրաինայի հայերի մասին հանրագիտարան ստեղծելու գաղափար, քննարկվել է երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացման հարցը։

Ինչպես ողջույնի խոսքում ասել է դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի հայերը, Հայաստանի ուկրաինացիները կապող օղակ են երկու պետությունների, երկու ժողովուրդների միջեւ։ «Նրանց դերը, համայնքային կազմակերպությունների, մասնավորապես Ուկրաինայի հայերի միության դերը, դժվար է գերագնահատել»,- ասել է դեսպանը։