Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մարվել է, ներկա պահին կառուցվածքների վրա շարունակում են ջուր լցնել, հայտնում է Figaro պարբերականը: Ավելի վաղ հաղորդվել էր հրդեհի տեղայնացման մասին:

«Մենք շարունակում ենք հետեւել մնացած օջախներին եւ հովացնել տաք կառուցվածքները, այդ թվում՝ կրող, որպեսզի կրակը չվերականգնվի»,- հայտարարել է  Փարիզի հրշեջների ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսը:

Հրդեհ Նոտր Դամում

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը բռնկվել է երկուշաբթի երեկոյան, փլուզվել է տաճարի աշտարակի ձողը, կրակով է համակվել կրող կառուցվածքը, սակայն հաջողվել է կանխել ճակատամասի եւ երկու աշտարակների փլուզումը:

Հրդեհի բռնկումը բացատրվում է այն հանգամանքով, որ բազիլիկում վերականգնման աշխատանքներ էին ընթանում, որոնք համարվում են բռնկման հնարավոր պատճառներից մեկը: Այս պատճառով շենքը շրջապատված էր շինարարական փայտով:

Կրակի դեմ պայքարին ներգրավվել է ավելի քան 400 հրշեջ, ընդ որում՝ ավիացիայի կիրառումից ստիպված էին հրաժարվել շենքի փլուզման սպառնալիքի պատճառով:

«Այրվել է Ֆրանսիայի պատմությունը»

Հրդեհի վայր են ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ վարչապետ Էդուար Ֆիլիպը:

Պետության ղեկավարը հայտարարել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը բոլոր ֆրանսիացիների կյանքի կենտրոնն է, Ֆրանսիայի պատմությունը, որն այրվել է: Նա Նոտր Դամի հրդեհը սարսափելի դրամա է անվանել՝ հավաստիացնելով, սակայն, որ տաճարը կվերականգնվի:

Փարիզի իշխանությունները հայտնել են, որ տաճարում պահվող մասունքների մի մասը հաջողվել է փրկել: Մասնավորապես անվնաս են մնացել Նոթր Դամի բեմը եւ խորանի խաչը:

Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացումները

«Անսահման թախծով ես համակվում տեսնելով Փարիզի Աստվածամոր տաճարի ներկայիս պատկերը: Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացումները»: Այս մասին իր Twitter-յան էջում նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը իր աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին՝ կապված Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի հետ եւ հայտարարել, որ սրտի ցավով է հետեւել Փարիզում ողբերգությանը: Փարիզի Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայությունն է: Իր պատմական առաքելությանը հավասար տաճարը բարեկամական Ֆրանսիայի խորհրդանշանն է: Մեր աղոթքի աջակցությունն ենք հայտնում Փարիզի բնակիչներին եւ կաթոլիկ քույր եկեղեցուն»,- նշված է Գարեգին II-ի հայտարարության մեջ:

Միջազգային հանրության արձագանքը

Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը Փարիզի Աստվածամոր տաճարի կործանումն անվանել է Ֆրանսիայի, ինչպես նաեւ ամբողջ մարդկության համար անփոխարինելի կորուստ:

Ռուսական ուղղափառ եկեղեցին տեղի ունեցածը ողբերգություն է անվանել ամբողջ քրիստոնեական աշխարհի համար՝ հույս հայտնելով, որ մարդկային զոհեր չեն լինի եւ տաճարի գլխավոր սրբությունը՝ Ամենափրկչի փշե պսակը չի տուժի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրդեհը սարսափելի տեսարան է անվանել՝ առաջարկելով կրակի դեմ պայքարել ավիացիայի օգնությամբ:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ցավակցություն է հայտնել ֆրանսիացիներին, իսկ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը խոստովանել է, որ «փարիզեցիների մասին մտածելիս սիրտը կտոր-կտոր է լինում»: