Ֆրանսիացի գործարար-միլիարդատեր Պինոյի ընտանիքը 100 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որը վնասվել է հրդեհի պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Agence France-Presse-ին։

«Հայրս՝ Ֆրանսուա Պինոն, եւ ես որոշել ենք Artemis ընկերության ֆոնդերից 100 մլն եվրո հատկացնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար, որտեղ երկուշաբթի հրդեհ էր բռնկվել»,- գործակալությանն ասել է Ֆրանսուա-Անրի Պինոն։

Պինո ընտանիքը Artemis եւ Kering ընկերությունների սեփականատերն է։ Առաջինին է պատկանում նաեւ Christie's աճուրդների տունը։ Kering-ն ունի նորաձեւ հագուստների մի շարք բրենդներ, ներառյալ Gucci-ն եւ Yves Saint Laurent-ը։

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է մոտավորապես ժամը 18.50-ին։ Հրդեհի հետեւանքով փլուզվել են ձողի վերին մասը, տաճարի ժամացույցը եւ տանիքի մեծ մասը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը, ամենայն հավանականությամբ, սկսվել է տաճարի վերին մակարդակներում նորոգման աշխատանքների ընթացքում։ Ֆրանսիայի ՆԳՆ պետքարտուղար Լորան Նունյեսն ասել է, որ հրշեջներին հաջողվել է մարել կրակի ինտենսիվությունը, բայց շիջման աշխատանքները դեռ շարունակվում են։