Իլ դե Ֆրանս տարածաշրջանը 10 մլն եվրո (մոտ 11,3 մլն դոլար) կհատկացնի հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարին անհապաղ օգնություն տրամադրելու համար, հաղորդում է BFMTV-ն՝ վկայակոչելով տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսին:

Հաղորդվում է, որ Պեկրեսը նշել է, որ 10 մլն եվրո անհապաղ օգնություն կհատկացնի տաճարի վերանորոգման համար:

Բացի այդ Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը տաճարի վերականգնման համար դրամահավաք է սկսել: Օգտատերերին առաջարկվում է միանգամյա վճար կատարել կամ  ամեն ամիս միջոցներ փոխանցել:

Հիշեցնենք, որ Ֆրանսիացի գործարար-միլիարդատեր Պինոյի ընտանիքը 100 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որը վնասվել է հրդեհի պատճառով:

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան։ Փլուզվել է տաճարի սրածայր աշտարակը, հրդեհը վնասել է հենակառույցը։ Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 400 հրշեջ, Figaro թերթը, հղում կատարելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, տեղեկացրել է բաց կրակի վերացման մասին։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ իրավիճակը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր շինափայտով։