Պուլիտցերյան մրցանակը լրագրության ոլորտում շնորհվել է The New York Times թերթին նյութերի շարքի համար, որոնք վերաբերում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրյալ ֆինանսական մեքենայությունների հետաքննություններին։ Դափնեկիրներին հայտարարել է Կոլումբիայի համալսարանի Ժուռնալիստիկայի դպրոցի Պուլիտցերյան մրցանակի կազմկոմիտեի ղեկավար Դանա Քանեդին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ https://tass.ru/

Մրցանակին արժանացել են թերթի լրագրողներ Դեւիդ Բարսթոուն, Սյուզեն Քրեյգը եւ Ռաս Բյութները «նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսների սպառիչ, 18 ամիս տեւած հետաքննության համար, որը պսակազերծել է նրա հայտարարությունը, թե հարստացել է սեփական ուժերով, եւ մերկացրել է նրա բիզնես-կայսրությունը՝ կառուցված հարկերի վճարումից խուսափելու վրա»։

The Wall Street Journal թերթը մրցանակն ստացել է նյութերի շարքի համար, որոնք նվիրված են այն հայտարարություններին, թե Թրամփն իբր գաղտնի վճարել է երկու կանանց լռելու համար, որոնք մինչ այդ, ենթադրաբար, նրա հետ ինտիմ կապի մեջ են եղել։ Pittsburg Post թերթը մրցանակ է ստացել Փիթսբուրգի սինագոգում ահաբեկչության լուսաբանման համար, որի հետեւանքով զոհվել էր 11 մարդ։ Sun Sentinel թերթը մրցանակ է ստացել  Փարքլենդ քաղաքի (Ֆլորիդա) Marjory Stoneman Douglas ավագ դպրոցում գնդակոծության լուսաբանման համար, որը տեղի է ունեցել 2018-ի փետրվարի 14-ին եւ 17 մարդու կյանք խլել։

Associated Press գործակալությունը մրցանակ է ստացել «դաժան սպանությունների լուսաբանման համար, որոնք տեղի են ունեցել Ֆիլիպիններում թմրանյութերի դեմ պատերազմում»։ Reuters գործակալության լրագրողները մրցանակ են ստացել այն նյութերի համար, որոնք նվիրված են «Մյանմայում ռոհինջա փախստականների հանդեպ բռնություններին»։

The Washington Post-ի աշխատակիցը մրցանակին արժանացել է ֆոտոռեպորտաժների շարքի համար, որոնք պատմում են Եմենում սովի մասին։ Reuters-ի ֆոտոթղթակիցները պարգեւատրվել են ԱՄՆ հարավային սահմանին միգրացիոն իրավիճակի լուսաբանման համար։

Գրականության եւ երաժշտության բնագավառների մրցանակներ

Գրականության ոլորտում մրցանակին արժանացել են գրողներ Ռիչարդ Փաուերսը, Ջեքի Սիբլիս Դրերին, Դեւիդ Բլայթը, Ջեֆրի Սթյուարտը, բանաստեղծ Ֆորեսթ Գանդերը, լրագրող Էլայզա Գրիսվոլդը։ Երաժշտական լավագույն ստեղծագործության համար մրցանակին արժանացել է երաժիշտ եւ կոմպոզիտոր Էլեն Ռայդը։

Հետմահու Պուլիտցերյան մրցանակի է արժանացել «սոուլի թագուհի» Արետե Ֆրանկլինը՝ ամերիկյան երաժշտական մշակույթում ունեցած ավանդի համար։ Երգչուհին մահացել է քաղցկեղից 2018 թվականի օգոստոսին։