«Իրավունք» թերթը գրում է. «Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, որոշել էր ո'չ ավել, ո'չ պակաս ազատվել Արտաշատի անկուսակցական փոխքաղաքապետ Ռուբեն Ծատուրյանից:

Վերջինս էլ դիմել էր դատարան՝ ընդդեմ քաղաքապետի անօրինական որոշման: Թե ինչ տեղի ունեցավ հետո, բավական ուշագրավ է: «Իրավունքի» հետ զրույցում Ռուբեն Ծատուրյանը նախ պատմեց, որ 2017թ. նոյեմբերի 5-ին Արտաշատ համայնքի ՏԻՄ ընտրություններում սեփական թեկնածությունը չի առաջադրել, քանի որ խոչընդոտել են իշխանությունները: Բայց ընտրություններից հետո, ընտրվելով քաղաքապետ, Կ. Բենիամինյանը (ով, ի դեպ, չուներ որեւէ մրցակից) անմիջապես Ռ. Ծատուրյանին առաջարկել է զբաղեցնել իր տեղակալի պաշտոնը՝ հաշվի առնելով նրա հեղինակությունը քաղաքում:

«Աշխատանքիս ընթացքում  առաջնորդվել եմ հետեւյալ սկզբունքով, քաղաքացիների հետ ունենալ պարզ շփում, կարեկից մոտեցում, գիտակցելով, որ արդյունավետ կառավարումը չպետք է ստորադասվի անձնական նպատակահարմարությանը: Մշտապես փորձել եմ վեր հանել քաղաքացիների խնդիրներն ու լուծել դրանք:

Ուշադրությանս կենտրոնում հատկապես գտնվել է սոցիալապես անապահով խավը, զոհված եւ հաշմանդամ ընտանիքները: Աշխատանքիս 10-րդ ամսում քաղաքապետ Կ. Բենիամինյանի անօրինական կարգադրությամբ ազատվեցի պաշտոնից՝ առանց որեւէ հիմքի եւ պատճառաբանության, որն էլ առաջացրեց բազմաթիվ արտաշատցիների վրդովմունքը: Արդարությունը վերականգնելու համար՝ անմիջապես հայց ներկայացրի ՀՀ Վարչական դատարան՝ քաղաքապետի կարգադրությունն անվավեր ճանաչելու համար: 2019թ. ապրիլի 4-ին դատարանը կայացրեց վճիռ՝ անվավեր ճանաչելով կարգադրությունը: Ես ունեցա բոլոր հնարավորությունները օրինական ճանապարհով հասնելու արդարության վերականգնմանը եւ կրկին վերադառնալու իմ նախկին պաշտոնին:

Եթե արդարությունն ու ճշմարտությունը միանան, ապա էլ ի՞նչն ավելի զորեղ կարող է լինել այդ միությունից: Այնպես որ, անարդարության ծնած չարիքը արդարությամբ կմաքրվի»,-ասաց Ռուբեն Ծատուրյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում