Չգիտեմ ով, ինչ անձնական շահերի համար նման որոշում է կայացրել: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Նրա խոսքով, նախապես խնդիրը քննարկվել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ. «ճիշտ որոշում էր կայացվել, մենք էլ դրա համար ցեմենտի գինը 50 հազարը դարձրել էինք 40 հազար, որ ավելի մեծ պահանջարկ լինի: Բայց այսօր չգիտեմ ով ինչ անձնական շահերի շնորհիվ ԱԺ տնտեսական հանձնաժողովը որոշում է կայացրել, որ այդքան ընտանիք չաշխատի, որ ներկրվող  կլինկերի վրա տուրքը չդրվի: Հենց կլինկերը ցեմենտի ամենակարեւոր մասն է, ծախսերի 90 տոկոսն է»:

Ծառուկյանն ընդգծեց, որ 100 հազար տոննա կլինկեր ստանալու համար պետք է 3 մլն դրամ գազի գումար վճարել, 1,5 մլն դրամ հոսանքի համար վճարել, 1350 մարդու աշխատավարձ տալ. «Իսկ իրենք որոշում են դրսից եկող կլինկերի վրա տուրք չդնել, որ իրենց անձնական շահերի, իրենց ծանոթ-բարեկամի համար խնդիր լուծեն: Պրովոկատորներին ուղարկում են ցեմենտի գործարան, որոնք ընդհանրապես կապ չունեն գործարանի հետ: Ասում են խի՞ ես եկել, ասում է՝ եկել եմ ցեմենտի գործարանի աշխատողների շահերը պաշտպանեմ:

Ցեմենտի գործարանի շահերը համապատասխան վարչապետը պաշտպանում ա, սեփականատերը պաշտպանում ա, պետք է միայն պահանջվի ԱԺ հանձնաժողովի նախագահից, որ երեկ էլ հանդիպել են ԱԺ-ում Թունյանը, Սարգսյանը 4-րդ մարդու հետ, որ սա անընդունելի է:

Եթե հանձնաժողովը որոշել է, որ կլինկերի վրա տուրք չպետք է լինի, մենք էլ ցեմենտ չենք արտադրի, կլինկեր ենք բերելու: Եթե իրենք չեն մտածում, ասում են, թող մի հարյուր ընտանիք էլ անգործ մնա, թող այդպես լինի»,-հայտարարեց Ծառուկյանը:

Նա նկատեց, որ քանի որ կառավարությունը որոշել էր տեղական արտադրողին աջակցի, իրենք էլ ցեմենտի գինը 50 հազարից իջեցրել են 40 հազար. «Մենք էլ համապատասխան քայլ ենք կատարել տնտեսական հեղափոխության համար: Բայց այսօր հանձնաժողովի նախագահը պարտավոր է պատասխան տալ, որ ժողովուրդն էլ իմանա, թե իրենց թշնամին ով է: Կառավարությունը հանձնարարել է, հարցը լուծված էր, թե ինչ փոխվեց հանձնաժողովում, դուք բոլորդ ներկա կլինեք եւ կտեսնեք»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 15-ի առավոտյան ժամը 08։00–ից, Արարատի մարզում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները փակել էին գործարանի մուտքը, քանի որ նրանց հայտնել են, որ երկու ամսից՝ հունիսի 15-ից, գործարանը փակվում է ու շուրջ հազար աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ Իրանից ներկրվող հումքի էժան լինելու պատճառով իրենց արտադրանքը մրցակցային չէ։

Բողոքի ակցիայի մասնակիցներին է այցելել «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը: Նա նշել է, որ նախապես կառավարության հետ համաձայնություն է եղել, որ Իրանից ներկրվող ցեմենտի եւ ցեմենտի հումքի (կլինկեր) վրա 22 հազար դրամ պետական տուրք կմտցվի, որ աջակցեն տեղական արտադրողին: Սակայն արդեն ԱԺ տնտեսական հանձնաժողովում որոշվել է, որ տուրքը կկիրառվի միայն ցեմենտի վրա, իսկ կլինկերի վրա չի կիրառվի: Դրանից մեկ ժամ անց «Մուլտի գրուպ»-ը որոշել է, որ այս պայմաններում իրենք եւս կլինկեր արտադրելու փոխարեն, այն կբերեն դրսից եւ դրանից ցեմենտ կստանան: Իսկ այդ դեպքում շուրջ հազար աշխատողների աշխատանքն իրենց այլեւս պետք չէ եւ աշխատակիցներին ծանուցագրեր են բաժանել, որ երկու ամսից այլեւս չեն աշխատելու: