Փարիզի քաղաքապետարանը 50 մլն եվրո կտրամադրի հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար։ Այս մասին ասել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով BFMTV-ին։

LVMH ընկերությունների խումբը (LVMH Moët Hennessy Louis Vuitton) եւ նրա տնօրենների խորհրդի նախագահ Բեռնար Առնոյի ընտանիքը հայտարարել են Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար 200 մլն եվրո նվիրաբերելու մտադրության մասին:

Նշվում է, որ ընկերությունների խումբը հայտարարել է 200 մլն եվրո ռեկորդային գումարի նվիրատվության մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իլ դը Ֆրանս տարածաշրջանը 10 մլն եվրո (մոտ 11,3 մլն դոլար) կհատկացնի հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարին անհապաղ օգնություն տրամադրելու համար: Բացի այդ, 100 մլն եվրո հատկացնելու մասին հաղորդել էր ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն։

Բացի այդ, Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը տաճարի վերականգնման համար դրամահավաք է սկսել: Օգտատերերին առաջարկվում է միանգամյա վճար կատարել կամ  ամեն ամիս միջոցներ փոխանցել:

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան։ Փլուզվել է տաճարի սրածայր աշտարակը, հրդեհը վնասել է հենակառույցը։ Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 400 հրշեջ, Figaro թերթը, հղում կատարելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, տեղեկացրել է բաց կրակի վերացման մասին։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ իրավիճակը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր շինափայտով։