Ապրիլի 15-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Սբ. Նիկողայոս եկեղեցում տեղի ունեցավ ամենամյա խաղաղության աղոթք` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի եւ նահատակների։ Միջոցառումը կազմակերպվել էր հայ ուսանողների եւ Լայպցիգի հայկական մշակութային միության կողմից։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ներկաներին դիմեցին նաեւ Լայպցիգի հայ մշակութային միության նախագահ Անահիտ Բաբայանը, Սբ. Նիկողայոս եկեղեցու հոգեւոր առաջնորդ Բերնհարդ Շպիսը (Bernhard Spies)։

Հուշ-երեկոյի ընթացքում հնչեցին հայկական եւ գերմանական հոգեւոր երաժշտություն։ Այն ավարտվեց Տեր Սահակ քհն. Սահակյանի եւ Բերնհարդ Շպիսի համատեղ աղոթքով` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին եւ նահատակներին։

Բազմաթիվ ներկաների թվում էին հոգեւոր եւ մշակութային գործիչներ, գերմանական խոշոր լրատվամիջոցների, հայ համայնքի ներկայացուցիչներ։