Եվրամիությունը երբեք չի ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Սիրիայի տարածքի մաս համարվող Գոլանի բարձունքների հանդեպ, քանի դեռ իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այս մասին հայտարարել է արտաքին հարցերով եւ անվտանգության քաղաքականության ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում լսումների ժամանակ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելուն, Եվրամիության դիրքորոշումը պարզ է եւ հասկանալի՝ ԵՄ-ն չի ճանաչում եւ երբեք չի ճանաչի Իսրայելի կողմից օկուպացված տարածքները, եւ դա վերաբերում է նաեւ Գոլանի բարձունքներին։ Ներկայում ԵՄ հինգ պետություններ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում արտահայտել են Գոլանի բարձունքների հարցում մեր դիրքորոշումը»,- հայտարարել է Մոգերինին։

Մոգերինիի խոսքերով, ԵՄ-ն կճանաչի Իսրայելի սահմանների 1967թ․ հետո կատարված ցանկացած փոփոխություն միայն այն դեպքում, եթե կողմերի միջեւ երկու պետությունների սկզբունքով պայմանավորվածություններ ձեռք բերվեն Երուսաղեմի կարգավիճակի մասին։