ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է։ Այս մասին այսօր` ապրիլի 17-ին  NEWS.am- ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։  Նա նշեց, որ մեղադրական եզրակացությունը երեկ ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։  Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:

Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, իսկ Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: