«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն իր ելույթում ասում է՝ թարմացրեք ձեր հիշողությունը. Հիշողությունը կարելի է թարմացնել այդպիսին ունենալու դեպքում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Պարոն հովակիմյան, դուք ասում եք կառավարության որոշելիքն է սա, այսինքն՝ օրական մի անգամ գոնե կարդում եք Սահմանադրությունը, որ վկայակոչում եք 147 հոդվածը, այնտեղ գրված է, որ նախարարությունների ցանկը եւ Կառավարության գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Դուք եկել էստեղ կանգնել, ԱԺ պատգամավորին ասում եք, թե Կառավարությունն է որոշողը: Կգնաք Սահմանադրության այդ հոդվածը նորից կկարդաք: Հիմա նորից նույն հարցն է հնչում՝ մե՞նք ենք կառավարությանը հսկում, թե՞ կառավարությունը՝ մեզ»,-ասաց Պետրոսյանը:

Նա նկատեց, որ պատճառաբանվում է, թե նախարարությունները կրճատելով հարկատուների միջոցներն են խնայվում։ «Լավ նպատակ է, բայց ոչ այս ձեւաչափով։ Այդ միջոցները պետք է խնայել պետական կառավարման մարմիններում չնշանակելով այնպիսի անիրազեկ մարդկանց, որոնք ձախողում են ամբողջ համակարգը. նրանցից են այն պատգամավորները, որոնք իրենց աշխատանքը այստեղ համարում են Ֆեյսբուքը փորփրելը»,-ասաց Պետրոսյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը անդրադարձավ նաեւ իշխող ուժի ներկայացուցիչներին, որոնք ամեն անգամ հիշում է նախորդ իշխանությունների արածները. «Այ մարդ, այդ մարդիկ գնացին, միայն հուշեր մնացին, ինչպես հայտնի երգում է ասվում (խոսքն Արամ Ասատրյանի երգի մասին է-խմբ), հիմա դո՞ւք ինչ եք անում: Գյուղնախարարության լուծարումը ի՞նչ կապ ունի կեղծված ընտրությունների հետ, որ ասում եք: Դուք էլ ոչ կեղծարարներին պաշտոնի նշանակեք, ով է ձեր ձեռքը բռնել: Մի նշանակեք այնպիսի մարդկանց, որ եթե վկայականը կորցնեն, չեն հիշի, թե ինչ պաշտոնի էին աշխատում»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը։