Ավստրալիայում ընտանի եղջերուն հարձակվել է տերերի վրա, տղամարդը մահացել է, նրա կինը հիվանդանոցում է ծայրահեղ վիճակում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով 9News հեռուստաալիքին։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան, ոչ մեծ Մոյհու քաղաքում, Վիկտորյա նահանգում։ 47-ամյա Փոլ Մակդոնալդը եղջերուի հարձակմանն է ենթարկվել վանդակում, երբ կերակրում էր նրան։

«Ինչ-որ պահի եղջերուն հարձակվեց նրա վրա»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Փոլ Փերսելը։ Կինն ու որդին նետվել են օգնության։ Հենց որ կինը մտել է վանդակ, եղջերուն նաեւ նրա վրա է հարձակվել։ Մակդոնալդը մահացել է տեղում, նրա կինը՝ Մենդին, հասցվել է հիվանդանոց՝ ծանր վնասվածքներով։

Ինչպես տեղեկացնում է հեռուստաալիքը, ոստիկանությունը կրակել է կենդանուն, որպեսզի վտանգազերծի բժշկին, որը փորձում էր փրկել վիրավոր տղամարդուն։

«Ես գիտեմ, որ կատարվածը ցնցել է ընտանիքին»,- ասել է ոստիկանը։

Ինչպես տեղեկացնում է ABC հեռուստաալիքը, եղջերուն Մակդոնալդների մոտ ապրում էր վեց տարի։

Australian Deer Association-ի նախագահ Սթիվ Գառլիկի խոսքով՝ մարդկանց վրա հարձակումը բնորոշ չէ եղջերուներին։ «Եղջերուները շատ ավելի հազվադեպ են հարձակվում որեւէ մեկի վրա, քան փախչում են նրանցից»,- ասել է նա։