Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը, որն առաջադրվել է ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու պաշտոնում, չի ցանկանում գնահատական տալ հանձնաժողովի նախկին ղեկավարների աշխատանքին։

«Ես չէ, որ պետք է գնահատական տամ որեւէ մարմնի աշխատանքը»,-այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նա:

«Ամեն մեկն իր գնահատականն ունի, իսկ աշխատանքը պատկերացնում եմ շատ դինամիկ, կարծում եմ, որ ոլորտը բավականին հետաքրքիր է ու շատ բան կա անելու: Կարծում եմ՝ կկարողանանք ոլորտում հետաքրքիր ձեռքբերումներ ունենալ»,- ասաց Գեւորգյանը:

Խոսելով մենաշնորհների եւ դրանց դեմ պայքարի մասին՝ նա հայտարարեց. «Ես չեմ պայքարելու մենաշնորհների վերացման համար: Օրերս ԱԺ-ում ելույթ եմ ունենալու, իմ ելույթի գլխավոր կետը վերաբերում է հասարակության ընկալմանը՝ մենաշնորհի, գերիշխող դիրքերի, գների վերաբերյալ։ Կարծում եմ՝ ճիշտ չենք ընկալում, թե ինչ է մենաշնորհը, ինչ է գերիշխող դիրքը եւ ինչ պետք է անենք դրանց դեմ»,- ասաց Գեւորգյանը:

Դիտարկմանը, թե ստացվում է՝ պայքարելու եք ոչ թե մենաշնորհների դեմ, այլ փորձելու եք պայքարել, որ հանրության վերաբերմունքը փոխվի, նա արձագանքեց․ «Ոչ, բնավ նման բան չասացի։ Պետք է պայքարենք, որ մենաշնորհն ու գերիշխող դիրք ունեցողը չչարաշահի իր լիազորությունը: Այսինքն գերիշխող դիրքը մեր օրենսդրությամբ թույլատրելի է»։

Գեղամ Գեւորգյանի խոսքով՝ ոչ թե ոլորտների, այլ երեւույթների դեմ պետք է պայքարել․ «Ասում են՝ մենաշնորհը պետք է վերացվի. մենաշնորհը կարող է չկարողանանք վերացնել կամ պետք չլինի վերացնել։ Մենաշնորհին ու գերիշխող դիրք ունեցողին պետք է չթողենք չարաշահի, սա է խնդիրը»։

Նա ընդգծեց, որ օրենսդրությամբ բոլորը հավասար պայմաններ ունեն, թեպետ չի կարող վստահեցնել, որ իրական կյանքում էլ նման պատկեր է։

Հարցին՝ արդյոք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ջերմ կապե՞րն են ընկած նրա՝ պաշտոնի առաջադրվելու հիմքում, Գեղամյանը շեշտեց՝ իրեն նշանակել են մասնագիտական կարողություններից ելնելով. «Տիգրան Ավինյանի հետ իմ ջերմ կապերը չի անդրադարձել որեւէ բանի վրա։ Իմ մասնագիտական կարողությունն է անդրադարձել պաշտոնի նշանակման համար, իմ համար որեւէ մեկ չի միջնորդել: Միջնորդում է վարչապետը, անձամբ ինքն է առաջադրել: Չեմ կարող ասել՝ ով է խրհուրդ տվել վարչապետին»,- ասաց Գեղամ Գեւորգյանը:

Նշենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը։