«Սասնա ծռերի» գործով այսօրվա դատական նիստին ցուցմունք տվեց գործով տուժող Էլեն Վարդանյանը։

Նա հայտնեց, որ բնակվում է ոստիկանության ՊՊԾ գնդի մոտ, դեպքից շատ մանրամասներ չի հիշում, գիտի միայն, որ իրենց տանը անչափահաս երեխաներ կային, որոնք վախեցել են։

«Լուսադեմին ժամը 5–ի կողմերը ուժեղ ձայն լսեցինք, վեր կացանք, տեսանք մեքենա, խառնաշփոթ իրավիճակ էր, ոստիկանական մեքենաներ էին, դարպասների մոտ բեռնատար կար։ Քանի որ տանը անչափահաս երեխաներ կային, շատ վախեցած վիճակ էր՝ անընդհատ չեմ գնացել պատուհանի մոտ։ Հաջորդ օրը մամայիս, եղբորս և երեխաներիս հետ տարածքը լքել ենք, քանի որ երեխաները ուժեղ սթրեսի մեջ էին: Մեզ հետո զանգել են կանչել, ասացին, որ պատուհանը բաց է և որ պատուհանից տուն են մտել և որ պիտի տունըխուզարկվի: Ներս ենք մտել՝ պահարանը թափթված էր, սառնարանը բաց էր, որոշ բաներ էին բացակայում»,–պատմեց տուժողը։

Մեղադրողի հարցին, արդյոք կրակոցների ձայներ լսե՞լ է, տուժողը պատասխանեց՝ այո՝ նշելով, որ երեխաները կրակոցներից են վախեցել։

Վարդանյանը նաև ասաց, որ իր տնից կորել է «պլանշետ» և հեռախոս:

Կինը նաև հայտնեց որ որևէ բողոք և պահանջ չունի:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։