Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձեռք են բերել որոշակի նոր տեղեկություններ, որոնք քրեական գործով ստուգման անհրաժեշտություն ունեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների հետ, որոնք պահանջում են բացահայտել Հրաչ Մուրադյանի սպանությունը։

«Մեր այդ հանդիպումների ընթացքում ձեռք են բերել որոշակի նոր տեղեկություններ, որոնք քրեական գործով ստուգման անհրաժեշտություն ունեն, դրանով պայմանավորված իմ հանձնարարությամբ ակտիվացել են ինչպես քննչական գործողությունները, այնպես էլ հատկապես օպերատիվ հետախուզական միջոցառումները»,-նշեց նա։

Ավելի ուշ դատախազությունից հայտնեցին, որ Հրաչ Մուրադյանի սպանության գործի վարույթը վերսկսվել է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազության առջեւ  ապրիլի 2–ին ՀՅԴ-ականները բողոքի ակցիա են արել՝ պահանջելով բացահայտել Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը, ինչպես նաեւ հանդիպում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Դատախազի հետ հանդիպումից հետո ՀՅԴ-ականները հայտարարել էին, որ դատախազը խոստացել է իր անմիջական հսկողության տակ պահել գործի ընթացքը եւ առաջիկա 10 օրվա ընթացքում՝ կոնկրետ գործողություններ իրականացնելուց հետո, կրկին հանդիպել, քննարկել։