Այն մարդու լեգենդը, որը լայվերից սիրում էր բոլորին ու բոլորի մեջ տեսնում էր գող ու կառուպցիոներ, կարծես թե ավարտվում է. պետության ի պաշտոնե թիվ 1 հակակոռուպցիոներն ինքը կասկածյալ է։Այս մասին իր հոդվածում նշել է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հետեւաբար՝ հիմա նա ունի պաշտպանության կարիք, հիմա նրա օրինակով պետք է կոչ անել՝ միանգամից չհարձակվել, սպասել գործի քննությանը, սպասել դատավարությանը։ Հիմա նրա օրինակով պետք է ասել՝ կա անմեղության կանխավարկած։ Հիմա նրա օրինակով պետք է ասել, որ ունի կին եւ երեխաներ, եւ չի կարելի վերջին բառերով լցնել սոցցանցերը։

Հիմա պատկերացրեք՝ եթե հեղափոխությունից հետո նոր նշանակված պաշտոնյաները, թեկուզ հենց նույն Դավիթ Սանասարյանը սա հասկանային ու բոլորին աջ ու ձախ չմեղադրեին թալանի, խարդախության, կոռուպցիայի մեջ։ Ուղղակի հանգիստ անեին իրենց գործը։ Լրիվ ուրիշ մթնոլորտ կլիներ երկրում։ Լրիվ ուրիշ արդյունքներ կունենար նոր իշխանությունը։

Մեկ օրում իշխանություն ստացած, երբեւէ պետական կառույցներում չաշխատած նորանշանակները սկսեցին աջ ու ձախ սուտ, կեղծ ու անհիմն մեղադրանքներ հորդել հարյուրավոր մարդկանց վրա, որոնցից շատերն ունեն մեծ ավանդ իրենց ոլորտներում։

Անկախ նրանից, թե ինչ ընթացք կստանա այս գործը, սա փայլուն առիթ է մի մեծ խումբ անձանց համար՝ հետեւություն անելու։ Կյանքը շատ մեծ շրջապտույտներ ունի, եւ հակաօրինական գործեր անելիս միշտ պետք է այդ մասին հիշել։ Չի բացառվում, որ ՀՔԾ պետը, իր քննիչները, դատավորները, դատախազները, որոնք տեմպի տակ անում են բաներ, ասում են բաներ, որոնք չպետք է անեին եւ ասեին, որոշ ժամանակ անց

հանկարծ հայտնվեն լրիվ այլ դերում։

Մենք, իհարկե, այն ժամանակ էլ կպաշտպանենք նրանց իրավունքները, որովհետեւ բոլորն ունեն պաշտպանության իրավունք, եւ երկրի շահն է դա պահանջում։ Բայց այս հեռանկարը միշտ պետք է աչքի տակ ունենալ։ Չես կարող անհիմն մեղադրանքներ ներկայացնել, թունավորել մարդկանց կյանքը, կեղծիք ու սուտ տարածել նրանց մասին, ուղղորդել քննությունը, վախկոտ դատավճիռներ կայացնել, անել անօրինականություն՝ քաղաքական ղեկավարությանը դուր գալու կամ անձնական դիվիդենտներ հավաքելու համար, ու մնալ անպատիժ։

Որոշ ժամանակ հետո ծագելու են հարցեր, բացվելու է պատվերի ողջ շղթան, առայժմ անհայտ նյուանսները եւ այլն։

Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանին, ապա միգուցե ճիշտ կլինի, որ նա կամ հրաժարական ներկայացնի կամ պաշտոնանկ արվի՝ գործին չխոչընդոտելու անհրաժեշտությամբ։ Մյուսները պետք է լուռ հետեւություններ անեն՝ այնպես, որ դրա արդյունքները հենց վաղվանից երեւան։ Իսկ բոլորս կարիք ունենք ավելի զսպվածության, պրոֆեսիոնալիզմի, աշխատանքային եւ մարդկային կոռեկտության»: