Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» 10 անդամի գործով այսօրվա դատական նիստին  հետազոտվեց «Որդուս Սասնա ծռերը չեն սպանել» վերտառությամբ սկավառակը, որտեղ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը պատմում է, թե ի՞նչ հանգամանքներում է սպանվել իր որդին։

Նշենք, որ Յուրի Տեփանոսյանը սպանվել է ՊՊԾ գնդի գրավման 13–րդ օրը՝ հուլիսի 30–ին։

Ըստ Տեփանոսյանի հոր՝ գործով կեղծվել են փորձաքննության տվյալները։

Այսօրվա նիստում հարցաքննվեց նաև Յուրի Տեփանոսյանի այրին՝  գործով տուժողի իրավահաջորդ Արփինե Թումասյանը։

Նա դատարանին հայտնեց, որ մահանալուց կես ժամ առաջ խոսել է ամուսնու հետ.

«Խոսելու ընթացքում, ինքը նստել է մեքենայի հետևում, Ազատին նստացրել է մեքենայի ղեկին, ինքն իր կամքով է նստել մեքենայի հետևում, ոչ ոք դա նրան չի ստիպել, մեքենայի հետևում հեռախոսով խաղ է խաղացել»,–ասաց Թումասյանը՝ ընդգծելով այս հանգամանքի կարևորությունը։

Տուժողի իրավահաջորդը պատմեց, որ ամուսինը շուրջ վեց տարի աշխատել է համակարգում՝ Գուրգեն Գրիգորյանի հրամանատարությամբ։

Հարցին, արդյոք ամուսինը վերադասի հետ խնդիրներ ունեցե՞լ է, կինը պատասխանեց.

«Եթե խնդիր ունենային, հաստատ ընտանիքներով չէինք շփվի, էյն կարգի մտերիմ էին, որ ուզում էինք, որ Գրիգորյանը մեր երեխաների քավորը դառնա»։

Տուժողի իրավահաջորդը, ով նույնպես աշխատում է ոստիկանական համակարգում, պատմեց որ դեպքի մասին իմացել է հեռուստատեսությունից։

«Մեքենան գնալու ժամանակ էդ դեպքը տեղի է ունեցել, ընթացքի մեջ ա եղել, որ կրակոցը եղել է»։

 Անդրադառնալով սկեսրայրի կողմից արված հայտարարություններին՝ նա նշեց. «Ե՞րբ ա սկսել խոսել Վահրամ Տեփանոսյանը դրանց մասին, երբ էս մարդկանց  բանտից բաց թողեցիք։ Դրանից հետո մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ։ Մինչև էդ Վահրամ Տեփանոսյանը շատ հանգիստ էր, բոլորդ էլ տեսել եք։ Մողեսի պես մտան մեր ընտանիք, 3 երեխա է որբացել, դե թող գա մեկը տեսնի, թե ինչ վիճակում են իմ երեխաները։ Ընտանիք են քանդել»։

Վերջին արտահայտությանն արձագանքեց խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, Թումասյանն էլ ասաց. «Բա ո՞վ ա քանդել, կողքիդ նստած անասունն ա ընտանիք քանդել (նկատի ունի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանին-խմբ)»։

Նա նաև նշեց, որ սկեսրայրի հետ լավ հարաբերություններ չունի, ինքը երեխաների հետ առանձին է ապրում։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց նրան՝ հնարավո՞ր է ոստիկանությունից իր վրա ճնշում գործադրած լինեն, պատասխանեց. «Իմ վրա չեն կարա ճնշում գործադրեն, ես 3 երեխա եմ պահում»։

Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը սպանվել է ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ հուլիսի 30-ին՝ ՊՊԾ գնդի տարածքիՀից դուրս՝ մեքենայի մեջ:  Ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Տեփանոսյանի սպանությունը կատարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը` պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի աշխատասենյակից հափշտակած «ՍԿՍ» տեսակի ակոսափող որսորդական հրազենով, մի քանի հարյուր մետր հեռավորությունից: