Վրաստանը դրական է տրամադրված Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ճանապարհային միջանցքի ստեղծման հարցում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

«Վերջին տեղեկությունը ստացել եմ Վրաստանի իմ գործընկերոջից Ժնեւ կատարած այցի ընթացքում։ Նա նշել է, որ իրենք ամբողջությամբ դրական են տրամադրված։ Բացի այդ, շվեյցարական SGS ընկերությունը, որը պետք է միջնորդ հանդիսանա,  արդեն իսկ վճարումներն արել է, դրական տեղաշարժ կա»,–նշեց նախարարը։

Հակոբ Արշակյանը դժվարացավ նշել, թե ինչ ժամկետներում եւ ինչպես կհանգուցալուծվի հարցը, բացի այդ, նշեց, որ իր մեկնաբանությունը կարող է նաեւ վնասել բանակցային գործընթացին․ «Հայաստանն այստեղ ընդամենը շահառու կողմ է եւ իրավական եւ դիվանագիտական տեսանկյունից երկու երկրների ցամաքային սահմանի շուրջ բանակցությունները ճիշտ չէ մեկնաբանել»։