Կոտայքի մարզում, ապրիլի 16-ին, խոշոր ու ողբերգական վտովթար է տեղի ունեցել. Ժամը 23։40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Շահբազյանը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 38 կմ հատվածում, դեպի Երեւան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատեշներին, առաջ ընթացել, բախվել հաստաբուն ծառերին եւ հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ձորակից դուրս են բերել փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ Հրազդանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով Հրազդանի փրկարարների, ճանապարհային ոստիկանների եւ քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դուրս բերվեց երթեւեկելի գոտի եւ տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի եւ շարժիչն ու մի քանի մասեր ավտոմեքենայից պոկվել եւ շպրտվել էին։