Անցած տարի շուրջ 300 միլիոն դրամի՝ կառուցված ճանապարհների վատ որակի պատճառով կրկին վերանորոգում է իրականացվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ խոսելով Ոսկեպար-Նոյեմբերյան  ճանապարհահատվածում անորակ  շինարարության  մասին, որը  կառավարության նիստերից մեկի  ժամանակ բարձրաձայնել էր նաեւ վարչապետ  Նիկոլ  Փաշինյանը:

«Քանի որ մենքաշխատում ենք հետվճարային համակարգով, պարբերաբար մոնիթորինգ են անում  ճանապարհների  շինարարության ընթացքը, տեղեկացնում շինարարական ընկերության թերությունների, դրանց հետեւանքների մասին, ինչպես եղել է Ոսկեպար-Նոյեմբերյան  ճանապարհահատվածի պարագայում»,-նշեց նա

Նախարարը հայտնեց, որ շինարարը պարտավորվել է շտկել ճանապարհի որակի հետ կապված խնդիրները․ «Քանի որ անցյալ տարի այդ  ճանապարհի  շինարարությունը կատարում էինք  լրացուցիչ  ֆինանսավորման շրջանակներում  եւ արդեն սեզոնային ուշացում ունեինք, հնարավոր  չեղավ հենց անցյալ տարի էլ վերականգնել վնասը, դրա համար չենք վճարել ընկերությանը, սակայն շինարարը սեզոնի բացման ժամանակ՝ մայիսի 1-ին պարտավորվել է շտկել ճանապարհի որակի հետ կապված խնդիրները»։

Նա հավաստիացրեց, որ հարկատուների հարկերի հաշվին վատ որակի ճանապարհների կառուցում չեն հանդուրժելու եւ կոմպրոմիսի  չի ենթարկվելու այդ հարցը․  «Ճանապարհաշինական ընկերությունների  հետ  հանդիպումներ են ունեցել, փոխանցել են իրենց մեսիջը, որ  թույլ չեն հարկատուների  հաշվին արվող շինարարությունն անորակ  լինի, հակառակ  դեպքում չեն վճարվի, անհրաժեշտության դեպքում էլ կենթարկվեն նաեւ  պատասխանատվության՝ անկախ նրանից,  թե ում են  պատկանում»,-հավելեց նա:

Ըստ մամուլի տեղեկությունների  մամուլում  Ոսկեպար-Նոյեմբերյան  ճանապարհահատվածում անորակ  շինարարությունը  իրականացրել է Հերմինե  Նաղդալյանին պատկանող «Վառմաշ» ՍՊԸ-ն: