Բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը որոշում է ընդունել Լոնդոնի մետրոյի կայարաններում անլար ինտերնետն անջատելու մասին այն բանից հետո, երբ Extinction Rebellion կազմակերպության ակտիվիստները սպառնացել են խանգարել մետրոյի աշխատանքին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով LBC-ին։

«Մենք ներողություն ենք խնդրում անհարմարության համար եւ ուզում ենք ասել, որ այդ որոշումը հեշտ չենք կայացրել, եւ այն կարող է վերանայվել օրվա ընթացքում»,- ռադիոկայանը մեջբերում է իրավապահների ներկայացուցչի խոսքը։

Extinction Rebellion-ի ակտիվիստները սկսել են բողոքի գործողությունը երկուշաբթի՝ շրջափակելով Բրիտանիայի մայրաքաղաքի տրանսպորտային գլխավոր ուղիները եւ նախատեսում են առաջիկա երկու շաբաթվա ընթացքում շարունակել ցույցերը Լոնդոնի ճանապարհներին։ Ընդ որում՝ ոստիկանները պահանջել են դադարեցնել թիրախային հանրահավաքների կազմակերպումը եւ պարտավորեցրել են բոլոր ակտիվիստներին մինչեւ ուրբաթ երեկո տեղափոխվել Մարմարի կամարի մոտ՝ բողոքի ակցիան իրականացնելու համար։ Վերջին տվյալների համաձայն՝ իրավակարգի աշխատակիցները երկուշաբթի օրվանից բերման են ենթարկել 290 էկոլոգիական ակտիվիստի։