Ես կարծում եմ՝ վարչապետը դեմ է սուպերվարչապետությանը, նա չի ուզում այդ սուպերվարչապետական կոստյումը կրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Դիտարկմանը, որ դուք ցույց տվեցիք պիջակը, որը կարված էր Սերժ Սարգսյանի համար, սակայն հիմա մի երկու աննշան փոփոխություններով այն կրում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն հիմա Փաշինյանը դե՞մ է այդ կոստյումը հագնելուն, Մարուքյանը դրական պատասխան տվեց. «Այո, կարծում եմ՝ դեմ է եւ դրա համար պետք է փոխեն: Ինքը միշտ դա է ասել: Փաշինյանն ասել է ԱԱԾ-ն չենք դարձնի նախարարություն, ոստիկանությունը կարելի է քննարկել, բայց հետո: Վարչապետի ասում է՝ շտապելու տեղ չկա, ինչու եք անհանգիստ: Մենք բոլորով ժամանակին դեմ ենք եղել սուպերվարչապետությանը: Հիմա մեր կեսը դարձել է իշխանություն ու ասում ՝, չէ, սենց լավ է»:

Մարուքյանը նկատեց, որ իրենց պահանջները եղել են ինստիտուցիոնալ ռեֆորմների վերաբերյալ. «Մենք անձերի վրա չենք կենտրոնացել: Այսինքն՝ ինստիտուցիոնալ ռեֆորմները մի մարդու համար չեն արվում: Մենք ինչի՞ ենք ընտրվել, որ համակարգեր ստեղծե՞նք, թե՞ իրար գովանք: Իմ գնահատականը հետեւյալն է՝ իրենք իրենց խոստումները չեն կատարում»: