Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի գյուղում ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Գաստրո-բակի» բացման արարողությունը։ Նախագիծը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության եւ իրականացվում ՄԱԿ ԶԾ-ի կողմից՝ Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ, «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման» ծրագրի շրջանակում։

Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը միջոցառման ժամանակ ասել է, որ գյուղական զբոսաշրջությունը հանրապետության կայուն եւ հավասարաչափ զարգացման գերակա ուղղություններից է։ «Մենք ողջունում ենք նման նախագծերի իրականացումը, քանի որ դա տեղի բնակչությանը հնարավորություն է տալիս խթանել զբոսաշրջության զարգացումն ու ստեղծել հավելյալ եկամուտ։ Այդ գաղափարների իրականացման համար հարկավոր են համապատասխան ենթակառուցվածք եւ նման նախադեպեր»,- նշել է Պապիկյանը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական-դեսպանորդ Ալեքսեյ Սինեգուբովը հույս է հայտնել, որ «Գաստրո-բակը» կհետաքրքրի բազմաթիվ զբոսաշրջիկների եւ կդառնա նրանց այցելությունների սիրելի վայրը, որտեղ նրանք կկարողանան զգալ հայկական ոգին ու տրամադրությունը։ Նախագծի ողջ ֆինանսավորման ծավալը կազմում է 3 մլն դոլար։

Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը նշել է, որ զբոսաշրջիկները կվայելեն հայկական ավանդական կերակրատեսակներ, կծանոթանան տեղի մշակույթին եւ կվերադառնան նոր տպավորությունների ակնկալիքով։ «Բակի գլխավոր գործառույթներից մեկը տեղական համայնքներում մշակույթի ձեւավորումն է։ Խնդիրը գյուղական զբոսաշրջության 50 նոր կետերի բացումն է ամբողջ Հայաստանում։ Սրա մեծ մասն արդեն կատարված է»,- տեղեկացրել է Մարյասինը։

«Գաստրո-բակ» նախագծի հայեցակարգի իրականացումն սկսվել է 2018-ին։ «Գաստրո-բակը» հատուկ տեղ է, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն համտեսելու հայկական խորտիկներ, հետեւելու գինու պատրաստման գործընթացին եւ շփվելու տեղի բնակչության հետ։

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման» նախագիծն աջակցում է գյուղական վայրերում զբոսաշրջության զարգացման միջոցով եկամտի այլընտրանքային աղբյուրների ստեղծմանը։