«Գաստրո-բակի» բացումը լավ հնարավորություն է տուրիզմից ստացվող հնարավոր եկամուտները տեղի բնակիչներին հասցնելու համար: Այս մասին ապրիլի 17-ին Արենի գյուղում «Գաստրո-բակի» բացումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը:

Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն բացված մյուս չորսի համեմատ այս «Գաստրո-բակի» առանձնահատկությունն այն է, որ տեղանքը գինեգործության լավ ավանդույթներ ունի: Դրանից բացի, այն գտնվում է այնպիսի կարեւոր զբոսաշրջային վայրերի մոտ, ինչպես Նորավանքը եւ Թռչունների քարանձավը: «Ուստի մենք կարող ենք հույս ունենալ, որ սա հնարավորություն կտա ամբողջ տարվա ընթացքում եկամուտներ ունենալ»,- նշեց նա:

Դմիտրի Մարյասինն ընդգծեց, որ նախագիծը յոթից մեկն է, որոնք ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը: «Մյուս նախագծերից են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի աջակցության ծրագիրը, անտառային հրդեհների վտանգների հակազդման ծրագիրը, երիտասարդական ծրագրերի իրականացումը: Դրանից բացի, կան նաեւ էներգաարդյունավետ ստանդարտների ներդրման, «Հայպետհիդրոմետին» աջակցության նախագծեր: Դրանից զատ, Հայաստանի փոխվարչապետի գրասենյակի հետ համատեղ իրականացվում է քաղաքականության ձեւակերպումների հարցում ինովացիոն մոտեցումների ներդրման նախագիծը: Ռուսաստանի կողմից այս նախագծերի ֆինանսավորման ծավալը կազմում է 12 մլն դոլար»,- հավելեց նա:

Նշենք, որ ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Գաստրո-բակի» բացման արարողությունը: Նախագիծը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը, իսկ իրականացնում է ՄԱԿ ԶԾ-ն Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ՝ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման» նախագծի շրջանակում: