Փաստորեն, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկովյան վերջին հանդիպումը չի ընթացել միայն հումանիտար ոլորտի ծրագրերի շուրջ, այլեւ քննարկվել է դեռեւս 2016 թվականին ձեւավորված կարգավորման առաջարկությունների փաթեթը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա տեղադրել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պատասխանը լրագրողի հարցին, եւ գրել.

«Հարցեր Նիկոլ Փաշինյանին եւ Զոհրաբ Մնացականյանին՝

1. Ո՞նց անենք, որ Ղարաբաղյան բանակցությունների մասին տեղեկանալու համար չմնանք Մամեդյարովի հարցազրույցների հույսին կամ չսպասենք Լավրովի ասուլիսներին:

2. Բա ու՞ր մնաց Փաշինյանի խոստացված՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին, եթե արդեն անցել եք բովանդակային քննարկումներին»: