Կամ ստվերից հարկային դաշտ եկած 50 հազար աշխատողները որեւէ ձեւով չեն արտացոլվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերում, կամ Ձեզ սխալ թվեր են ներկայացրել։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Արմեն Եղիազարյանը, մասնավորապես, ասաց. «ԵԽԽՎ-ում Ձեր ելույթի ժամանակ հայտարարեցիք, որ 50-51 հազար ստվերային աշխատողներ արդեն գործում են օրինական դաշտում։ Ինչպես գիտեք զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերում ամսական արտացոլվում են յուրաքանչյուրի համար հազարական դրամները, իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ հեղափոխությունից հետո՝ մինչեւ 2018 թվականի դեկտեմբերը ներառյալ, ամսական ցուցանիշն աճել է 5 մլն 26 հազար դրամով, սա նշանակում է, որ ստվերից օրինական դաշտ է եկել ընդամենը 5026 աշխատող։ Հարկ եմ համարում նշել, որ արդեն մոտ 6451 քաղաքացի դիմել է հիմնադրամ՝ օրենքի շրջանակներում գումարը հետ ստանալու համար։ Կարծում եմ՝ ակնհայտ է բացասական դինամիկան։ Այսպիսով, կամ ստվերից հարկային դաշտ եկած 50 հազար աշխատողները որեւէ ձեւով չեն արտացոլվում հիմնադրամի մուտքերում, կամ Ձեզ սխալ թվեր են ներկայացրել»։

Պատասխանելով պատգամավորի դիտարկմանը՝ Փաշինյանն ասաց, որ աշխատատեղերի մասով թվերը չեն կարող սխալ լինել, որովհետեւ դրանք արտացոլված են ՊԵԿ եւ ԱՎԾ տվյալներում, նրանք են հրապարակել այդ թվերը։ «Ինչ վերաբերում է հիմնադրամին, ապա դրա հետ կապված հավելյալ պարզաբանումներ ես կստանամ, բայց ասեմ, որ նորություն չէ, որ այդ հիմնադրամի հետ կապված վճարումների ամբողջականության խնդիր իրականում կա, այդպիսի տեղեկություններ ես ստանում եմ պարբերաբար, որ հազար դրամները միշտ չէ եւ ամենուրեք չէ, որ պարտաճանաչ կերպով վճարում են։ Կառավարությունը, իհարկե, պետք է միջոցներ ձեռնարկի, որ դա ապահովվի»,–եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։