Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը պետք է վերածվեն նախարարությունների։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

«Ինչպես, օրինակ, Պաշտպանության նախարարության պարագայում է. մենք ունենք պաշտպանության նախարար քաղաքական պատասխանատու անձ, ունենք Գլխավոր շտաբի պետ որպես զինվորական պատասխանատու, նույն ձեւով ոստիկանության եւ ԱԱԾ–ի դեպքում է, մենք կարող ենք ունենալ նախարար, կառավարության անդամ, որը քաղաքական պատասխանատվություն է կրում, պառլամենտական վերահսկողության ներքո է, ավելին՝ նախարարին կարող ես պաշտոնանակ անելու առաջարկ ներկայացնել»,–նշեց նա։

Հարցին՝ իրենք ամբողջությամբ պաշտպանո՞ւմ են «Լուսավոր Հայաստանի» առաջարկած՝ կառավարության կառուցվածքի նախագիծը, նա նշեց, որ կան որոշակի  կետեր, որ սատարում են, քանի որ այդ նախագիծը ձեւավորվել է նաեւ ՀՅԴ–ի առաջարկների հիման վրա, սակայն համաձայն  չեն Սփյուռքի նախարարության վերացմանը. «Օրինակ, իրենք ասում են, որ համաձայն են, որ Սփյուռքի նախարարությունը վերանա, կամ գոնե փոխվարչապետով մնա, մենք ասում ենք, որ ոչ միայն Սփյուռքի նախարարությունը չպետք է վերանա, այլ նաեւ պետք է փոխվարչապետ լինի, որը կկոորդինացնի ոլորտը։ Բացի այդ, իրենք Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունն առանձնացնում են, մենք ասում ենք, որ կարեւորը քաղաքական պատասխանատու ունենան, դրանք կարող են մեկ կառույց լինել»։

Արծվիկ Մինասյանը անընդունելի է համարում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը, թե՝ եկեք սկզբում ֆիքսենք, որ 12 նախարարություններ են լինելու, հետո բովանդակությունը կլցնենք։

«Այսօր ով այլընտրանքային տեսակետ է ասում, միանգամից դառնում է թշնամի։ Ինչո՞ւ, ո՞վ է տվել այդ իրավունքը, ի՞նչ է, երբ որ ասում ենք նույն սուպերվարչապետական համակարգի դեմ անընդհատ  խոսացողները այսօր դարձել են սուպերվարչապետությունը պահող, գրկող, պաշտպանող ուժեր, չասե՞նք՝ էս ինչ եք անում»,– ասաց նա։

Նա շեշտեց՝ իրենց համար սկզբունքային նշանակություն ունի, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ՝ ՀՀ նախագահ, վարչապետ, պատգամավոր, մարզպետներ, բոլորը պարտավոր են շարժվել Սահմանադրությամբ։