Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան, որը ինքնասպանության փորձ էր կատարել կոռուպցիայի մեղադրանքով կալանավորման ժամանակ, մահացել է Լիմայի հիվանդանոցում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Դատարանը որոշել էր նրան 10 օրով կալանավորել։ Այն պահին, երբ դատախազության աշխատակիցները Գարսիային օրդեր էին ներկայացրել Լիմայի շրջաններից մեկում գտնվող նրա տանը, նախկին նախագահը ինքնասպանության փորձ էր կատարել։

Ինչպես նշել է Պերուի ՆԳ նախարար Կառլոս Մորանը, իրավապահները կալանավորման ժամանակ գործել են օրենսդրության շրջանակներում։

Դաատարանի համապատասխան որոշմամբ նախնական կալանքի պետք է ենթարկվեն նաեւ արտադրության նախկին նախարար Լուիս Նավան, Petroperu պետական նավթային ընկերության փոխնախահագ Միգել Ատալան։ Նրանք, ինչպես եւ Գարսիան, կասկածվում են կոռուպցիայի մեջ՝ կապված բրազիլական Odebrecht շինարարական ընկերության հետ։

Անցյալ տարվա նոյեմբերին դատարանը արգելել էր Գարսիային 18 ամսվա ընթացքում լքել երկիրը։ Հետաքննության կարծիքով, քաղաքական գործիչը կարող էր 100 000 դոլար ստանալ Odebrecht-ից՝ ընկերության համար շահավետ պայմանագրեր կնքելու համար։ Երկրի նախկին ղեկավարն այդ մեղադրանքը հերքում էր։

Ալան Գարսիան Պերուի նախագահ է եղել երկու անգամ՝ 1985-1990թթ․ եւ 2006-2011թթ․։

Նրա կառավարումը համարվում է անհաջող՝ ինֆլյացիայի աճի եւ զինված խմբավորումների ակտիվացման պատճառով։

1992թ․ դարձյալ կոռուպցիայի մեջ մեղադրվելու պատճառով Գարսիան ստիպված էր տեղափոխվել Կոլումբիա, որտեղ ապրել է մինչեւ 2001 թվականը, երբ իր վրայից մեղադրանքները հանվելուց հետո նա վերադարձել է Պերու եւ գլխավորել խորհրդարանական ընդդիմությունը։

2006թ․ սոցիալ-դեմոկրատ Ալան Գարսիան հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 53 տոկոսը։

2018 թվականին, երբ Գարսիային արգելվել էր հեռանալ Պերուից, նա քաղաքական ապաստան էր խնդրել Ուրուգվայից, սակայն մերժվել էր։