Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Սպիտակ տանը ապրիլի 26-ին կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ մայիսի վերջին Տոկիո ԱՄՆ նախագահի ծրագրված այցից մեկ ամիս առաջ՝ հայտնում է Reuters-ը։

Հանդիպման օրակարգում կլինեն հարցեր՝ կապված առեւտրի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի զսպման ԱՄՆ ջանքերի հետ։

Աբեն համաշխարհային ասպարեզում Թրամփի մերձավոր դաշնակիցներից մեկն է։ Ճապոնիան նրա առաջին կանգառն էր 2017թ․ նոյեմբերին նախագահական շրջագայության ժամանակ։

Թրամփը ծրագրում է մայիսի վերջին այցելել Տոկիո՝ կապված գահաժառանգ արքայազն Նարուխիտոյի գահակալության հետ։ Նա միապետ կդառնա մայիսի 1-ին, գահից իր հոր՝ Ակիխիտո կայսեր հրաժարվելու հաջորդ օրը։