ԵՄ պաշտոնյաները մեղադրել են Բրունեյին «կոպիտ» եւ «վիրավորական» լոբբինգի մեջ, որը փորձել է խանգարել այն բանաձեւի ընդունմանը, որը սուլթանությանը դատապարտում է մահապատիժ մտցնելու համար միասեռական սեքսի եւ ամուսնական դավաճանության համար, տեղեկացնում է Reuters-ը։

Բրունեյն արժանացել է ՄԱԿ-ի, կառավարությունների եւ հռչակավոր մարդկանց գլոբալ դատապարտմանը մահապատիժ մտցնելուց հետո։

Եվրախորհրդարանի անդամները պետք է քվեարկեն այն բանաձեւի օգտին, որը «վճռականապես դատապարտում» է այն օրենքները, որոնք համասեռամոլության համար նախատեսում են պատիժներ քարկոծման ձեւով։

Քվեարկությունից առաջ Բրունեյի պաշտոնյան այցելել է Եվրախորհրդարանի գրասենյակ՝ առանց նախազգուշացնելու, եւ տարել է նամակ ի պաշտպանություն շարիաթի օրենքների ամրապնդման։

«Դա փոքր-ինչ կոպիտ է, եթե անկեղծ՝ մի փոքր էլ համառ»,- ասել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորի օգնական Բաստիեն Վալթիլը։ «Եթե մենք մինչ այդ իմանայինք, թե ինչ կա նամակում, մենք անգամ չէինք էլ ընդունի այն»։

Բրունեյը նամակում գրել էր Եվրախորհդարանի անդամներին, որ «ամուսնական դավաճանության եւ սոդոմի քրեականացումը պայմանավորված է ընտանիքի եւ մուսուլմանների, հատկապես կանանց ամուսնության անձեռնմխելիության պաշտպանությամբ»։

Եվրախորհրդարանի բանաձեւի նախագիծը, որը, աշխատակիցների խոսքով, հավանաբար, կընդունվի հինգշաբթի, «վճռականապես դատապարտում է Շարիաթի քրեական օրենսգրքի կիրառումը (եւ) համառորեն հորդորում է Բրունեյի իշխանություններին անհապաղ չեղարկել այն»։

Բանաձեւը կոչ է անում ԵՄ-ին դիտարկել ակտիվների սառեցման եւ վիզաների դադարեցման հնարավորությունը, եթե օրենքներն իրականացվեն, ինչպես նաեւ սեւ ցուցակում ներառել ինը հյուրանոց, որոնք պատկանում են Բրունեյի ներդրումային գործակալությանը, այդ թվում Լոնդոնի The Dorchester-ը եւ Լոս Անջելեսի The Beverley Hills Hotel-ը։