Մեքսիկայի իշխանությունները դատապարտել են ԱՄՆ նոր պատժամիջոցները Կուբայի դեմ՝ խոստանալով միջոցներ ձեռնարկել իրենց ընկերությունների պաշտպանության համար, ասվում է երկրի ԱԳՆ հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Չորեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը մայիսի 2-ից չի երկարացնի այն օրենքի կատարման մորատորիումը, որը թույլ է տալիս Կուբայի եւ օտարերկրյա ընկերությունների դեմ սեփականության հայցեր ներկայացնել, որոնք բռնագրավվել էին ամերիկացիներից կղզում հեղափոխությունից հետո։

«Մեքսիկայի կառավարությունը ցավում է ԱՄՆ որոշման համար՝ առաջին անգամ պատմության մեջ կիրառել Հելմս-Բերթոնի օրենքի երրորդ բաժինը, որը թույլ է տալիս ամերիկյան քաղաքացիներին այս տարվա մայիսի 2-ից հայցեր ներկայացնել այն ընկերությունների դեմ, որոնք օգտագործում են Կուբայում 1959-ի հեղափոխությունից հետո առգրավված սեփականությունը»,- ասվում է մեքսիկական գերատեսչության հայտարարությունում։

Պաշտոնական Մեխիկոյի կարծիքով՝ այս միջոցը կարող է հարվածել օտարերկրյա ընկերություններին, որոնք բիզնեսով են զբաղվում Կուբայում եւ Կուբայի հետ։ «Մեքսիկայի կառավարությունը կպաշտպանի մեքսիկական ընկերություններին, որոնք Կուբայի հետ բիզնես են վարում կամ նրա հանդեպ հետաքրքրություն ունեն եւ կարող են տուժել»,- նշվում է փաստաթղթում։

«Մեքսիկան հաստատում է իր աջակցությունը տնտեսական եւ առեւտրային շրջափակումն ավարտելուն, որը մտցվել է Կուբայի դեմ»,- հայտարարել է ԱԳՆ-ն։

Նոր պատժամիջոցներ մտցնելու առիթ են հանդիսացել Կուբայի իշխանությունների հասցեին արված մեղադրանքները մարդու իրավունքների խախտման, ինչպես նաեւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցության համար, որին ԱՄՆ-ը համարում է ոչ լեգիտիմ։