Պերուում սուգ է հայտարարվել՝ կապված երկրի նախկին նախագահ Ալան Գարսիայի (1985-1990, 2006-2011 թվականներ) մահվան հետ, որն ինքնասպան է եղել: Այս մասին նշված է պետության ղեկավար Մարտին Վիսկարայի հրամանագրում, որը հրապարակվել է հարավամերիկյան երկրի պաշտոնական պարբերական El Peruano-ում:

«Ազգային սուգը կտեւի մինչեւ ուրբաթ՝ ապրիլի 19-ը», նշված է հրամանագրում: Նշվում է, որ այս ընթացքում բոլոր պետական հաստատությունների շենքերի, զորամասերի եւ ՌԾՈՒ նավերի վրա, ինչպես նաեւ արտասահմանում Պերուի դիվանագիտական առաքելությունների տարածքներում պետական դրոշները կիջեցվեն:

Պերուի իշխանությունների որոշմամբ՝ Գարսիան կհուղարկավորվի ուրբաթ նախագահական մեծարանքով: Մինչդեռ, նախկին նախագահի անձնական քարտուղար Ռիկարդո Պինեդոն հայտարարել էր, որ հանգուցյալին հրաժեշտը կանցկացվի առանց հատուկ պաթոսի՝ «Ժողովրդի տանը», որտեղ Պերուի մայրաքաղաք Լիմայում տեղակայված է Պերուի Ամերիկյան ժողովրդահեղափոխական դաշինք կուսակցության նստավայրը, որի առաջնորդն էր մահացած քաղաքական գործիչը:

69-ամյա Գարսիան ինքնասպան է եղել չորեքշաբթի Լիմայի Կազիմիր Ույոայի անվան հիվանդանոցում՝ գլխին կրակելով, երբ դատախազության աշխատակիցները նրա տուն են գնացել կալանավորման օրդերով: Թափանցող վիրավորում ստացած Գարսիայի կյանքի համար պայքարող բժիշկները վերակենդանացման ժամանակ արձանագրել են պացիենտի սրտի եւ շնչառության կանգի երեք դրվագ:

Պերուի ՆԳ նախարար Կառլոս Մորանը նշել է, որ երկրի իրավապահ մարմինները Գարսիայի ձերբակալության ժամանակ գործել են օրենսդրության շրջանակում: «Ոստիկանության աշխատակիցները, դատարանի որոշումը կատարելով, գործել են համապատասխան արձանագրությունների շրջանակում»,- հայտարարել է գերատեսչության ղեկավարը:

Անցյալ տարվա նոյեմբերին դատարանը Գարսիային արգելել էր 18 ամիս երկիրը լքել: Քննության կարծիքով՝ քաղաքական գործիչը, հնարավոր է, 100 հազար դոլար է ստացել բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունից վերջինի համար շահավետ պայմանագրերի կնքմանը օգնելու դիմաց: Պետության նախկին ղեկավարն իր մեղքը հերքում էր: 2018 թվականի նոյեմբերի 17-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը նա թաքնված էր Ուրուգվայի դեսպանատանը, սակայն երբ նրան մերժվել էր ապաստարանի տրամադրումը, նա նստավայրը լքել էր: