Ապրիլի 18-ին խորհրդարանականները քննարկել եւ քվեարկել են որոշման նախագիծը, որն առաջարկել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւ նախաձեռնում էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հրաժարականը։ Նախագիծն արժանացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հավանությանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իրենց դիրքորոշումը բացատրել է նրանով, որ իրենք այդպես էլ նախարարից չեն ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները եւ նրա երեկվա ելույթը գնահատել են անբավարար։ «Մենք այդպես էլ չստացանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը։ Նա այդպես էլ չկարողացավ մեզ բացատրել, թե կոնկրետ քանի մարդ է ընկնում կրճատման տակ մի շարք նախարարությունների օպտիմալացման դեպքում, եւ ինչ կլինի նրանց հետ»,- ընդգծել է Մելքումյանը։

Ի վերջո, խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը չարժանացավ մեծամասնության հավանությանը։ Օրինագծին «կողմ» քվեարկեց 41, «դեմ»՝ 67 պատգամավոր։